«Պատերազմը կանխելու մի ձև կար». Նիկոլ Փաշինյանն արեց խոստացած բացահայտումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արեց խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա ասաց, թե այսօրվա գործընթացներին ու որոշ ելույթներին հետևելով՝ տպավորություն է ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրը իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։
Փաշինյանի խոսքով՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ-ում ապրած ադրեջանցիները, ևս մեկ հարված է հասցվել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը։
Նա ասաց, թե Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։
«Հետո ասում են, որ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու, ես այս ամբիոնից ասել եմ, որ Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե այսօր ուզում են ասել, որ իրենք եկել են ու պատերազմ են բերել։
«Ոչ, մենք չենք եկել ու պատերազմ բերել, դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել, այդ պատերազմը կանխելու մի ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները։ Պատերազմը սկսվել էր 2016 թվականի ապրիլից ու Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել, որ այլևս պատերազմ չլինելու հույս չունենաք, սա է ամբողջ ճշմարտությունն ու մենք հիմա, այո, ամեն հնարավորն անում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, անվտանգությունն ու կարգվավիճակի հարցը լուծվի, բայց մենք ասում ենք, որ մեր օրակարգի վերևում խաղաղությունն է, մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաստատել խաղաղություն», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին ընկնելու են, բայց վեր են կենալու։
«Մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես՝ ասելու են, բայց մեզ մեր նպատակից չեն շեղելու», – ընդգծեց Հայաստանի վարչապետը։