Ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ շատ են հարցնում, թե ինչու՞ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին
1. Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը Ռուսաստանին տարածաշրջանից, եթե ոչ ամբողջապես դուրս մղելն է, ապա գոնե ազդեցությանը ռեալ հակազդելն է: Հակազդեցության քաղաքականությունն, իհարկե, վերաբերում է բոլոր այն տարածաշրջաններին, որտեղ այս գերտերութունները մրցակցում են: Այսինքն, ամբողջ աշխարհին:
2. Բնականաբար, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն Ռուսաստանին հակակշիռ չի կարող ձևավորել Իրանի միջոցով և այդ հարցում ունի միայն մեկ դաշնակից: Դաշնակիցը Թուրքիան է: ԱՄՆ վատագույն, այդուհանդերձ դաշնակիցը: Վատ դաշնակիցը թշնամուց լավն է:
3. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին ձևավորել այնպիսի միջավայր (կամ արդեն ձևավորել է), որը հնարավորություն կտա Թուրքիային ներթափանցելով Հայաստան՝ բարձրացնել սեփական դերը ամբողջ Հարավային Կովկասում (չմոռանանք Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա) և ռեալ հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Դրա համար էլ ԱՄՆ-ն աջակցում է հայ-թուրքական հաշտեցմանը՝ սկսած 1992 թվականից: Այսինքն՝ օրակարգը համընկնում է ավելի, քան երբևէ:
Սա Հայաստանի իշխանությանն աջակցելու միակ պատճառը չէ, բայց այս օրինակը կիրառելի է նաև այլ ուղղություններում, հաշվի առնելով 1-ին կետում շարադրված թեզը»։