26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ճշմարիտ խոսքը չեն լսում, պետք է քֆուր տաս, որ նայեն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական արդեն դաշնակցային հարաբերությունները հայկական դիվանագիտության ֆիասկոն են և Նիկոլ Փաշինյանի ձախողումը:

 

«ՀՀԿ հայտարարության մեջ հստակ նշված էր, որ եթե քո դաշնակիցը դաշնակից է դառնում քո ախոյանին, դա քո ձախողումն է: Իրենք շատ են խոսում նախկինների մասին. բա մեր օրոք ինչո՞ւ Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակիցներ չէին դառնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

 

Պուտինը և Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիր են ստորագրել: Ստորագրումից հետո Պուտինը հայտարարեց, որ դա հնարավոր դարձավ, այդ թվում՝ նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման արդյունքում, որը դեռևս մինչև վերջ կարգավորված չէ, սակայն կարգավորման հարցում առաջխաղացում կա:

 

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կարևոր է նրանով, որ ՌԴ նախագահն Ալիևի ներկայությամբ ընդգծում է՝ Արցախի հարցը կարգավորված չէ:

 

«Ամբողջությամբ կարգավորված չէ՝ նշանակում է, որ կարգավորված չէ, իսկ Ալիևը ասում էր, որ Ղարաբաղի հարցը լուծված է, չկա Ղարաբաղի հարց: Սա Ադրբեջանի դեմ է ուղղված: Երկրորդ՝ Ռուսաստանը գերտերություն է, ունի իր պետական շահերը, փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել Ադրբեջանում, միգուցե դա լինի նաև ի հաշիվ թուրքական ազդեցության»,- ասաց նա:

ՀՀԿ ԳՄ անդամը չի բացառում, որ ավելի խոր ինտեգրացիա գնա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև. «Չեմ բացառում, որ այս հռչակագրին կհաջորդի Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ և ՀԱՊԿ»:

Հարցին՝ ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին այդ դեպքում, նա պատասխանեց. «Վտանգը արդեն եղել է. Հայաստանի թիվ մեկ վտանգը այս իշխանությունն է, որը չի կարողանում սպասարկել հայկական օրակարգ, չի կարողանում աշխատել նախ և առաջ իր դաշնակցի հետ: Մենք ոչ Ալիևին պետք է մեղադրենք, ոչ Պուտինին: Առաջինը պետք է մենք մեզ մեղադրենք, իսկ մենք ի՞նչ ենք արել: Մենք 3.5 տարի շարունակ փչացրել ենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Այն, որ Նիկոլն ասում էր՝ աննախադեպ են, հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան զարգացած չեն եղել, այդ ո՞ւր են այդ աննախադեպ զարգացումները: Այսօր ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ակնհայտ ավելի բարձր մակարդակի են, քան հայ-ադրբեջանական հարաբերությունները»:

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները Հայաստանի կապիտուլյացիայի օրակարգը ներկայացնում են՝ իբրև խաղաղասիրության օրակարգ.

«Ես էլ նրանց հռետորական հարց ունեմ. Բա էդ հազարավոր զոհե՞րն էին խանգարում, Շուշին ու Հադրո՞ւթն էին խանգարում ձեր խաղաղության օրակարգին, էն ժամանակ անեիք: Ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Բա դա գոռացողն իրավունք ունի այսօր հիմնավորել, որ Արցախը միայն հայկական չէ՞: Ես չեմ, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Երկու տարի առաջ դա էր ասում, իսկ այսօր հիմնավորում է, թե տեսական հնարավորություն չկա Արցախը վերադարձնելու, թե Արցախը նաև ադրբեջանական է: Սա է աբսուրդը: Այս մարդը շատ հստակ ցույց է տալիս, որ պատրաստ է թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկել, և հայկական ինքնիշխանության վերջնական հանձնումը ներկայացնում է՝ որպես խաղաղասիրություն»:

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ հարցերի հարցը կապված է 2020 թ. հոկտեմբերի 19-ի հետ. «Շան գլուխը թաղված է հոկտեմբերի 19-ում: 2020թ. հոկտեմբերի 19-ին ինքը իմացել է, որ մենք հրապարակային պարտվել ենք, որ մենք շանս չունենք բեկելու պատերազմի ընթացքը, և մերժել է Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, ըստ որի՝ Շուշին մնալու է հայկական վերահսկողության տակ և ընդամենը Ղարաբաղի հարավում որոշ տարածքներ անցնելու էին Ադրբեջանի վերահսկողության տակ, նոր հազարավոր զոհեր էլ չէինք ունենալու: Կամ ինքը ինչ-որ մի բան գիտի՝ մեզ չի ասում, կամ վախենում է ասել, որ իր՝ արևմտյան կլինեն, հյուսիսից կլինեն թե արևելքից կլինեն, գործընկերները կջղայնանան վրան, ինչ-որ մի բան կա, որ նա չի ասում»:

Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից իրենց վիրավորողներին և հայհոյողներին տուգանելուն, նա նշեց, որ լավ են անում. «Եթե ինքը դեռ մնացել է իշխանության, մեզ հասնում է, լավ է անում: Պետք է հեռացնեինք իշխանությունից, չենք հեռացրել: Հեռացված էր էլի, բունկերում չէ՞ր էդ մարդը, 200 հոգի կա՞ր էդ ժամանակ իրար գլխի հավաքված, որ Նիկոլին պաշտպանեն, չկար: Դա եղել է մեր ձախողումը, ավելի վճռական չենք եղել, հանրության հետ ավելի բավարար չենք աշխատել: Հիմա ասում ենք՝ նոր շարժում ստեղծենք. Շարժումը ստեղծված էր, էլի, մարդիկ էլ կային»:

Ըստ նրա՝ թեև Նիկոլ Փաշինյանը հիմա ամեն գնով պահում է իր աթոռը, բայց քաղաքականապես դատապարտված գործիչ է. «Ինչքան էլ խաղաղություն ասեն, նա պատմության մեջ մնալու է՝ որպես նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրած և հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կորցրած «գերագույն գլխավոր հրամանատար»»:

Շարմազանովի խոսքով՝ սոցիալական ցանցերի դարաշրջանում սուտն ու կեղծիքը  շատ են, լուրջ վերլուծությունն ու պոպուլիստական խոսքը խառնվել են իրար, դրա համար հանրության համար բարդ է ճիշտն ու սխալն իրարից տարբերակել. «Այսօր ծանրակշիռ խոսքը պլինտուսից ներքև է իջել, ամեն ինչ դարձել է հայհոյանքի մակարդակի: Մեր խեղճ ժողովրդին էնքան աղբ ինֆորմացիա են տալիս, որ ճշմարիտ խոսքը չեն լսում, պետք է քֆուր տաս, որ նայեն, ես էլ չեմ ուզում քֆուր տամ, դա իմը չէ, քֆուր տվող լիքը կա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ