26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Անգղերի մասին խոսելու ժամանակն էլ կգա, բայց այդ գիշատչին վերացնելուց հետո միայն». Աննա Մկրտչյան

«Ալեն Սիմոնյանը հանցագործների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին լավ կիմանա, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանին վաղուց է ճանաչում, և այն ձևական քաղաքական իրականությունը, որ ինքը փորձում էր իր կատարած հանցանքներով սվաղել, երևի Ալեն Սիմոնյանը դա նկատի ունի: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալներին և այս իշխանությունների՝ աթոռները կորցնելու վախին, դա ակնհայտ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

 

Հիշեցնենք, որ նախագահի ժ/պ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր․ «Հիմա բոլորը, ովքեր ունեն քրեական անցյալ, զբաղվում են քաղաքականությամբ, որպեսզի ներկայացնեն իրենց նկատմամբ քրեական գործը՝ որպես քաղաքական հետապնդում։ Բայց կներեք, ի՞նչ քաղաքական հետապնդում, մենք ի՞նչ խնդիր ունենք քաղաքական հետապնդման։ Ընտրություններն անցել են…»։

 
Աննա Մկրտչյանը նկատեց՝ եթե իշխանությունները նույնիսկ վարչատարածքային տարբեր միավորներում թույլ չեն տալիս, որ ընտրություններում հաղթած համայնքապետերը պաշտոնավարեն, ապա դա ի՞նչ է, եթե ոչ՝ վախ.

«Եթե չենք վախենում, ապա ինչո՞ւ եք ԱԺ պատգամավորներին, որոնք անձեռնմխելի են, մի քանի ամիս շարունակ պահում բանտում: Եթե վախ չունեք, ինչո՞ւ ԱԺ ամեն ելույթից, որն ուղղակի հիշատակում է, որ ձեր աթոռները հավերժ չեն, դուք այնպիսի ցնցումների մեջ եք ընկնում, որ միանգամից ՊՊԾ-ն ու ԱԱԾ-ն գալիս են: Եթե դուք վախ չունեք, ինչո՞ւ է ձեր ոստիկանությունը 200-ից ավելի գործ հարուցել միայն ձեր անունը հիշատակելու և դրանում որոշակի քննադատական արտահայտություններ օգտագործելու համար: Դուք ոստիկանություն եք կանչում այն քաղաքացիներին, ովքեր համարձակվում են ոչ թե անգամ օֆլայն ֆորմատով ձեր դեմ պայքարել, էլ չեմ ասում՝ ցույցերին բերման ենթարկելը, այլ ընդամենը էլեկտրոնային տիրույթում քննարկում ծավալել առ այն, որ դուք մի օր իշխանության չեք լինելու»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների օրակարգին՝ Աննա Մկրտչյանը հետևյալն ընդգծեց. «Նիկոլը սկսեց խոսել սահմանադրական փոփոխություններից միայն այն բանից հետո, երբ Ալիևը՝ Թուրքիայի հետ միասին, սկսեցին հայտարարել, որ՝ եթե դուք մեզ հետ խաղաղություն եք ուզում, դուք մեզ հետ նորմալ հարաբերություններ եք ուզում, ուրեմն՝ փոխեք ձեր Սահմանադրությունը»:

Հարցին՝ երեկ սոցցանցերում ակտիվ քննարկվեց և քննադատվեց մտավորականների և նախագահի ժ/պ Ալեն Սիմոնյանի հանդիպումը. ի՞նչ նպատակով էր Ալեն Սիմոնյանը հանդիպել այդ մարդկանց, ի՞նչ խնդիր փորձեց լուծել դրանով, նա պատասխանեց.

«Նախագահականում Ալեն Սիմոնյանի դրսևորած վարքագիծը խոսում է այն մասին, որ այս անձի ևս մեկ անհասանելի երազանք իրականացավ, այսինքն՝ 30 օրվա համար հանրապետության նախագահի պաշտոնական կայքում փոխել նկարը և ժ/պ բառերն անգամ չօգտագործել, ուղղակի սեփական ինքնաբավարարվածությունն ապահովելու համար է միայն: Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, նա ուզում է՝ իրենց իշխանության նման, բոլորս լինենք անարժանապատիվ և կապիտուլյացված: Հայրենիք ունեցող մարդկանց մոտ, նույնիսկ, երբ լինում են իրավիճակներ, երբ արժանապատվությունը կորսվում է, փորձում են ամեն ինչ անել՝ վերականգնելու այդ արժանապատվությունը: Սրանց մոտ հակառակն է՝ ուզում են բոլորիս դարձնել իրենց նման անարժանապատիվ, անհայրենիք և ապացուցել, որ միայն իրենք չեն այդպիսին: Այսինքն՝ եթե այս պետության մտավորական հանդիսացող մարդը կարող է գնալ մեկի մոտ, որն ասել է՝ գերիներն ինձ համար չկան, նրանք հանցագործներ են, այն դեպքում, երբ գերիներին մինչև հիմա տանջամահ են անում Բաքվի բանտերում, էլ ի՞նչ պահանջես»:

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» լոզունգով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրենք բազմաթիվ խախտումներ կատարած քաղաքացիներին ասում են.

«Հարգելի քաղաքացի, եթե 1, 2, 3…9 խախտում ունես, ուրեմն խնդիր ունես, մենք քեզ ոչ թե թողնում ենք, որ շարունակես խախտում անել և տուգանվել, այլ ասում ենք՝ ուրեմն որոշակի սանկցիաներ են գործում, որոնց արդյունքում դուք կզրկվեք վարորդական իրավունքից և կդադարեք լինել ուրիշների կյանքը վտանգող, հետևաբար՝ նաև տուգանքի մատերիալ»:

Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ փողոցները փակողներին և տուգանքներից ազատվելու հույսով իշխանափոխություն իրականացնողներին արդյո՞ք սա լավ պատասխան չէ:

«Հիանալի պատասխան է՝ հաշվի առնելով, որ իշխանազավթները երբ գալիս էին իշխանության, ասում էին, որ 10 տարի լույսը, ջուրը, հոսանքը չեն թանկանալու. Մի քանի ամսում ամբողջը թանկացրին ու ասում են՝ հիմա թանկացրեցինք, որ հաջորդ 10 տարին չթանկանա: Հիանալի պատասխան է այն մարդկանց, ովքեր բողոքում են ԱՊՊԱ-ի թանկացումներից: Հիանալի պատասխան է այն մարդկանց համար, որոնց Նիկոլի ուսապարկերից մեկն ասում է՝ դե, այն ժամանակ հիմնավորված չէին, հիմա մենք հիմնավորում ենք այդ թանկացումները: Հիանալի պատասխան է, երբ հանրության առողջության մասին մտածելու փոխարեն՝ կորոնավիրուսը դարձրել էին դիմակներից քամվող և քաղվող տուգանքներ ստանալու իրավիճակ, երբ կորոնավիրուսը կանխարգելելու, մարդկանց բուժելու փոխարեն՝ կորոնավիրուսը վերածել էին մի մեծ շոուի. իբր սկզբից 5 աստղանի հյուրանոցներում էին քաղաքացիներին պահում, իսկ հետո պարզվեց, որ նույնիսկ շնչառական ապարատ չկա, և համապատասխան բժշկական գույք չունենք»,- ի պատասխան՝ ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ Հայաստանում հիմա վախի մթնոլորտ է. «Փաշինյանը բոլորիս հստակ հասկացնում է, որ այս պետությունը վերածվել է բռնապետության»:

Աննա Մկրտչյանն ընդգծեց. «Եթե մենք ամեն անգամ խոսենք այն մասին, որ Փաշինյանն ասֆալտչիկին նշանակեց պաշտպանության նախարար, ֆեյքերին կառավարողին տարավ նախագահի ժ/պ, մի կամակատարին հես ա կնշանակի նախագահ, ԲԴԽ-ում քվեարկության կարգ, ձև, քվորումի թիվ փոխեց, այդ ամենը կործանարար է, բայց որևէ բան պահանջել նույն ԲԴԽ-ից, կամ ժ/պ-ներից, կամ կամակատարներից, իհարկե, սխալ է: Երբ մարդիկ սկսում են ավելի շատ ռեսուրս վատնել և քննադատել այլ մարդկանց կամ հարակից անհայրենիքներին, ինձ մոտ տպավորություն է, որ մեր պետությունում հայտնվել է մի գիշատիչ, որը բոլորին հերթով խժռում է, բոլոր այն արժեքները և արժեհամակարգը ու հայկական օրակարգը, որ մեր պետության համար շատ կարևոր է և անփոխարինելի, մենք դա թողած՝ ուղղակի խոսում ենք այն անգղերի մասին, որոնք իր թողած փշրանքներն ինչ-որ կերպ փորձում են մարսել: Իհարկե, անգղերի մասին խոսելու ժամանակն էլ կգա, բայց գիշատչին վերացնելուց հետո միայն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ