Նորմալ աշխատավարձ ա պետք. մի կիլո խոզի միսը 4000 դրամ ա, իսկ «շոֆեռը», որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի. Վարորդ
Այսօր վաղ առավոտից ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Քաղաքապետարանն արձագանքել է վարորդներին՝ նշելով, թե ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։
«Հիմա 22 օրվա համար 120 հազար դրամ եմ ստանում, օրական էլ մի 7-8 հազար դրամ դնում եմ «ջեբս», գնում եմ տուն։ Մեզ թող նորմալ աշխատավարձ տան, նորմալ սպասարկենք», – ասաց վարորդը։
Հարցին, թե որն է նորմալ աշխատավարձը, վերջինս պատասխանեց.
«350 հազար դրամ, որովհետև 1 կգ խոզի միսը 4000 դրամ ա դարձել»։
Լրագրողի դիտարկմանը, թե 120 հազար դրամ աշխատավարձով, օրական էլ 8000 դրամ կողմնակի եկամուտով (որից 2000 դրամն էլ, ըստ վարորդի՝ ավտոբուսի սպասարկմանն է ուղղվում), դարձյալ չի գերազանցում քաղաքապետարանի առաջարկած 260 հազար դրամը, վարորդն արձագանքեց.
«Ձեզ պարզ ասեմ, ես ամիսը կեղտոտով 350 հազար դրամ աշխատավարձ եմ ստացել, հարկերը հանած իմ տուն 350 հազար դրամ բյուջե ա մտել։ Էսօր իմ բյուջեն իջել ա 260 հազար դրամ։ Անընդհատ շեշտվում ա, թե 14 օր աշխատելով 260 հազար դրամ են ստանում, բա էս «շոֆեռն» ինչ ա ուզում, բայց «շոֆեռը» աշխատանքի ա գալիս ժամը 5-ին, գիշերն էլ ժամը 2-ին մնում ա տրոլեյբուսի պարկի դեմը կանգնած, սկի փող չունի, որ տաքսիով տուն գնա։ Նորմալ աշխատավարձ ա պետք, մի կիլո խոզի միսը 4000 դրամ ա, իսկ «շոֆեռը», որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»։