Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, Հայաստանն ապահովեց առաջին մեդալը
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը Տոկիո-2020-ում:
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 հաշվով:
Առաջին մրցափուլի միջնամասում գյումրեցի ըմբիշը մրցակցի պասիվության համար ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, սակայն Սարավին հաջող պաշտպանվեց և Ալեքսանյանին թույլ չտվեց գլորում կատարել: Առաջին մրցափուլում գրանցվեց 1:0 հաշիվը:
Երկրորդ մրցափուլում պարտերում վերևից աշխատելու հնարավորություն ստացավ իրանցի ըմբիշը և հաշիվը հավասարվեց՝ 1:1: Արթուր Ալեքսանյանը անթերի պաշտպանվեց պառկած դիրքից, և ըմբիշները պայքարը շարունակեցին կանգնած: Օլիմպիական չեմպիոնը շատ ակտիվ էր, ինչից հետո մրցակիցը դարձյալ հայտնվեց պարտերում: Արթուր Ալեքսանյանը բարձրացրեց մրցակցին, վաստակեց 2 միավոր, սակայն ոտքի մկանը ձգեց այդ պահին: Մինչ հայ ըմբիշը բուժօգնություն էր ստանում, Իրանի թիմի մարզիչները բողոքարկեցին և պարտվեցին, ինչից հետո հաշիվը դարձավ 4:1: Այդ հաշիվը պահպանվեց մինչև գոտեմարտի ավարտը:
Օգոստոսի 3-ին կայանալիք երափակիչում 29-ամյա Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևը:
Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել ֆինն Արվի Սավոլայնենից:
Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մտել նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 2:6 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին և բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 3-ին: