Ակցիան կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 9-ը
Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում իր ընթացքն է շարունակում «Երևան՝ իմ տուն» խորագրով սոցիալական աջակցության ծրագիրը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ”Էրեբունի-Երևան” տոնական միջոցառումների շրջանակում առաջին անգամ անցկացվող ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ։
Նշենք, որ ծրագրում ընդգրկված են բազմազավակ, բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, թիկունքի վետերաններ, Արցախյան և Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, զոհվածների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձ ներառող, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա խնամող ընտանիքներ, երիտասարդ ընտանիքներ, ինչպես նաև գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի և Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող 10 երեխաների մայր Գայանե Գրիգորյանը մեկն է այն 2796 շահառուներից, որոնք պատկերացնել անգամ չէին կարող, որ քաղաքապետի կողմից նման ուշադրության կարժանանան:
Անակնկալի գալով՝ տիկին Գայանեն նշել է, որ մայրաքաղաքի տոնի այս տարվա ”Երևան՝ իմ տուն” կարգախոսը լիովին համապատասխան է այն հոգատարությանն ու վերաբերմունքին, որ Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է երևանցիների խնդիրների և հոգսերի նկատմամբ:
Սեպտեմբերի 30-ից մեկնարկած ակցիան կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը: