”Հերոսներ, հերոսներ”. կրքերը գնալով թեժանում են

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ”Շանթ Հարությունյան և ընկերներ” գործով դատավարությունը: Այսօր էլ դատական նիստը մեկնարկեց ուշացումով : Ամբաստանյալներին ներս բերելու պահին ամբողջ դահլիճը ծափահարում էր և բղավում.”Հերոսներ, հերոսներ”:
Հիշեցնենք, գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում:
Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի և Միսակ Առաքելյանի պաշտպան` Հովհաննես Քոչարյանը նշեց, որ պետական մեղադրողի ճառը լսելուց հետո իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ դատաքննական պրոցեսում ուսումնասիրված բոլոր փաստերը նենգափոխվել են: Ըստ փաստաբանի՝ բախումը սկսել է տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը և դրան շարունակություն է տվել նույնպես տուժող ճանաչված ոստիկան Վարդան Գևորգյանը:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը մեղադրանք առաջադրելիս նշել է, որ նրանք հանցանքը իրագործվել է հանրության համար վտանգավոր եղանակով, սեփական եսը հաստատելու ու հանրության առջև ինքնահաստատվելու նպատակով:
Պաշտպանը այս մեղադրանքը որակեց որպես պետական ապարատի կողմից իջեցված հրահանգ, քանի որ իր պաշտպանյալների արարքը չի կարելի որակել որպես խուլիգանություն:
Քոչարյանը նշեց, որ տեսանյութում երևում է, որ Վահե Մկրտչյանը ոչ ոստիկանի գլխին, ոչ էլ բազուկին չի հարվածել:
Հիշեցնենք, պետական մեղադրողը Վահե Մկրտչյանի համար պահանջել է 8 տարի 6 ամիս պատժաչափ: Վահե Մկրտչյանի խնամքին 2 անչափահաս երեխա կա: Այսօր Վահե Մկրտչյանի կինը դատարան մտավ ”Ազատություն Վահե Մկրտչյանին” գրությամբ շապիկով:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում: