Ուր մնաց տոլմաս …/վիդեո, ֆոտո/
“Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման” հասարակական կազմակերպությունը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, այսօր պիտի Սարդարապատի հուշահամալիրում նախաձեռներ տոլմայի փառատոն: Հիշեցնենք, որ այն երկրորդ անգամ է կազմակերպվում:
Մեկնում
Չնայած բոլոր ցանկացողներին եւ լրագրողներին կազմակերպությունը Հանրապետության հրապարակից պիտի անվճար տեղափոխեր Սարդարապատ, բայց նշված ժամից մեկ ժամ շուտ նույնիսկ մարդիկ հավաքվել էին, սակայն ոչ մի ավտոբուս չկար:
Տիկին Լուիզան Henaran.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ մարդկանց գլխին սարքում են: “Հայտարարում են, գալիս են էս շոգին, բայց չգիտես ինչու տաքսիներ են մոտենում եւ առաջարկում տեղափոխել: Վճարովի ու բավականին թանկ: Էդ դեպքում կնստեմ մեր տանը տոլմա կուտեմ”,-ասաց տիկին Լուիզան:
Տոլմաս ուր մնաց
Ես տեղ հասա հանդիսության բացումից 20 րոպե անց եւ այ քեզ զարմանք, ոչ մի տաղավարի մոտ տոլմա չտեսա: Դատարկ ափսեներ էին եւ հացի փշրանքներ: Էկոնոմիկայի նախարարությունում աշխատող մտերմուհիներիցս մեկը տեսնելով հայացքս` փորձեց մեղմել, ասելով, որ մի քանի րոպե առաջ ամեն ինչ սիրուն էր: Հավատացի` մտածելով, որ կփոխվի պատկերացումս:
Բայց ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչ պիտի պատասխանեմ գործընկերներիս, որոնք խնդրել էին ամեն տեսակից մի քանի հատ գնել: Որոշեցի նկարել դատարկ սեղանները, որպեսզի նրանք համոզվեն: Այ, իսկ ի տարբերություն մնացած տաղավարների, ժյուրիի սեղանը տարբեր տեսակների տոլմաներ կային: Լեզվի պետական տեսչության պետ Սերգո
Երիցյանն օրվա ծանր աշխատանքից եւ ասուլիսից հետո ախորժալի ուտում էր: Ինչպես նա, եւ մնացած անդմաները դժգոհում էին, որ ափսե չկա:
“Գոնե լավաշ լիներ, որ դնենք վրան”,-պահանջում էին նրանք: Կամզկերպիչներից մեկն էլ լրատվամիջոցներին օգնելու գործն էր վերցրել իր վրա: Անկախ նրանից, լրագրող ես, թե չէ` ասում էր. “Ապեր էն յան կայնի, լրագրողներին մի խանգարի”,-ասում էր “ամենապատասխանատուն”` առաջնորդվելով այն սկզբունքով, որ տեսախցիկ ու միկրոֆոն ունեցողն է լրագրող:
Հպարտ էր միայն Վազգեն Խաչիկյանը, ով անցած տարի Ախթալայում խորովածի փառատոն էր նախաձեռնել: Հիմա էլ Ախթալայի տոլման էր բերել ու անթաքույց հայացքով շուրջն էր նայում, երբ Ախթալայի խոհարարը կարտոֆիլով տոլման էր ներկայացնում:
Վերադարձ…
Վերադարձի ճանապարհին էլ մտածում էի` ինչպես շարադրեմ մտքերս, որպեսզի գլխավոր խմբագիրս մի կլորիկ հոնորար տա: Թե չէ հորդորում էր լրագրողների հետ ընդհանուր ավտոբուսով գնայի: Այդ դեպքում ես հաստատ տեղ չէի հասնի եւ կուշանայի ամեն ինչից: Թանկ տաքսիով էլ մեկնելու հնարավորություն չունեի: Հազիվ էի էժանով “կպցրել” մեկին… դե հետո էլ նյութը օպերատիվ չէր տեղադրվի…