Սա կոտրում է հասարակության ողնաշարը
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/timthumb-6-2.jpg)
Հետաքրքիր է, հիմա որ այսպես ազգովի դատում ենք Արցախյան պատերազմի հերոսներին, փնովում նրանց, հայտարարում, որ պատերազմի դաշտում հերոսներ փնտրել պետք չէ, փորձում մոռացությանը մատնել նրանց վաստակը հայրենիքի կերտման, ամրապնդման և առհասարակ՝ գոյատևման գործում, ի՞նչ ենք ուզում դրանով ասել և ապացուցել հասարակությանը և սահմանը պահող զինվորներին:
Որ սահմանին կանգնելն ու ամեն վայրկյան մահվանն առերեսվելը հերոսություն չէ՞: Թե՞ ուզում ենք ասել, որ եթե պատերազմ սկսվի, նրանք մեծ գործ արած չեն լինի, եթե գնան ու պատերազմեն մեր թշնամու դեմ՝ պահելով սեփական հողն ու փրկելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Իսկ գուցե ուզում ենք ասել, որ եթե կարողանան ողջ դուրս գալ այդ պատերազմից, ապա նրանց հետագա ճակատագիրն այլևս կարևոր չէ, թե՞ որ զոհվելուց հետո նրանց ընտանիքներն անտեր են մնալու:
Ի՞նչ նպատակներ է հետապնդում պատերազմով անցած և արդեն անգամպատերազմի ժամանակ զոհված հերոսների դեմ այս քարոզը: Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ սա կոտրում է հասարակության ողնաշարը, և եթե, Աստված մի արասցե, լայնամասշտաբ պատերազմ սկսվի, մենք կարող ենք շատ դառը գին վճարել այս քարոզը հանդուրժելու համար:
Նինա Մարգարյան