Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ եկեք բանակցենք, թե չէ՝ կկրակենք. Արծրուն Հովհաննիսյան
«Ակնհայտ է, որ գոնե վերջին 1-1.5 տարին, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի համարել դասական սրացում, որովհետև մենք մեր դինամիկայում ունեցել ենք ավելի լուրջ սրացումներ, ունենք հիմնականում կայուն իրավիճակ առաջնագծում»,- այսօր «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դիվանագետներն ավելի հստակ կպատասխանեն, թե արդյո՞ք դա երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունն էր, ուժային բալանսի հստակեցումը, թե՞ այլ:
Ըստ նրա՝ չնայած դրան, տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ, ԶՈՒ զորավարժությունների ակտիվացում կամ դրանց ներկայացում.
«Ասել է թե՝ ունենք փաստ՝ համեմատաբար հանգիստ վիճակ, բայց նաև ունենք փաստ՝ պատրաստություն ռազմական գործողություններին՝ Ադրբեջանի պարագայում, միաժամանակ՝ սպառազինությունների ձեռքբերում, հռետորաբանություն, որը, սակայն, մի փոքր նվազել է, դա ակնհայտ է»: Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ-ի և Արցախի ԶՈՒ-ն մշտապես իրենց գործունեությունը շարունակում են՝ զորավարժություններ, զենք-զինամթերքի ձեռքբերում, և այլն:
«Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ եկեք բանակցենք, թե չէ՝ կկրակենք: Եթե պետք է կրակենք, ձեզնից ավելի շուտ ու լավ կկրակենք: Բայց գերադասելի է բանակցելը: Ադրբեջանը չունի պատերազմ սանձազերծելու իրավունք, ոչ մեկը նրան նման իրավունք չի տվել»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Նա ողջունեց ԱՄՆ-ում օրենսդրական փոփոխության գործընթացը, որով Ադրբեջանին կարգելվի այնպիսի զենքի վաճառքը, որը կարող է օգտագործել Արցախի դեմ: