Փաշինյանը պատերազմ է հայտարարում. հորդոր Վանեցյանին՝ կոշտ հակահարված տալ
Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, գազի թանկացման շուրջ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկություններին ու մեկնաբանություններին:
Նա դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նշելով. «Մենք դրա մասին իրար հետ խոսակցություն ունեցել ենք: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան այսպես ասած ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան:
Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»,-հայտարարեց Փաշինյանը: