Բացահայտում. ո՞վ է Նիկոլ Փաշինյանի պատգամավորը
Շաբաթներ առաջ «Հետք» պարբերականը գրել էր, որ 7-րդ գումարման խորհրդարանի 100 արական սեռի պատգամավորներից 39-ը ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։
Պարզվում է՝ «Իմ քայլում» կա պատգամավոր, գուցե նաև մի քանիսը, որոնք կեղծել են իրենց կենսագրական տվյալները զինվորական ծառայության մասով։
Եվ այսպես, ներկայացնում ենք պատգամավորներից մեկին, ում վերաբերյալ առկա են ասվածը հիմնավորող անհրաժեշտ տեղեկությունները։ Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մասին է։
ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Ռուստամ Բաքոյանը ՀՀ զինված ուժերում ծառայել է 2004-2006 թվականներին։
Սակայն իրականում պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ծառայել է երեք ամսից էլ պակաս և ազատվել է զինվորական ծառայությունից։ Ընդ որում՝ երեք ամսից երկուսը Բաքոյանը, համաձայն որոշ աղբյուրների, անց է կացրել հոսպիտալներում։
ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Հ. Մուրադյանին հասցեագրված հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Ռուստամ Բաքոյանը զորակոչվել է 2004 թվականի հունիսի 29-ին և զորացրվել է 2004 թվականի սեպտեմբերի 26-ին։
Զինվորական կոմիսարիատից տեղեկություններ չեն տրամադրել, թե ինչ հիմքով է Բաքոյանը ազատվել զինվորական ծառայությունից, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ազատվել է նյարդային խնդիրներ ունենալու հիմքով, որոնք անհամատեղելի են եղել ծառայության հետ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուստամ Բաքոյանը բանակից ազատվել է գումարի դիմաց։ Ըստ նրանց՝ հենց ինքն է այդպես ներկայացրել։ Բաքոյանը ընկերների շրջապատում հայտարարել է, որ երկու տարի բանակ գնալու փոխարեն Ռուսաստանի Դաշնությունում «բռուշատկա» կփռի, բանակից ազատվելու գումարն էլ կհանի, մի բան էլ իրեն կմնա։
Ռուստամ Բաքոյանը, ըստ էության, կեղծել է նաև իր քաղաքական անցյալը։ Նա 2017 թվականին զբաղված էր ՀՀԿ-ի քարոզչությամբ, սակայն իշխանափոխությունից հետո իր հրապարակային խոսքով տպավորություն է ստեղծել, որ տարիներ շարունակ ընդդիմադիր է եղել Սերժ Սարգսյանի իշխանությանը։
Իշխանափոխությունից հետո Ռուստամ Բաքոյանը, խոսելով 2017 թվականի ԱԺ ընտրություններին չմասնակցելու պատճառների մասին, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է․«Ես ՔՊ-ի հետ 2015 թվականից հետո ճանապարհ եմ անցել եւ անցնում եմ, ՔՊ անդամ եմ: 2017 թվականին եւս նախատեսված էր, որ ես պետք է առաջադրվեի, Հայաստանում չեմ եղել»։ Իսկ իրականում Բաքոյանը ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» դրոշի ներքո քաղաքացիներին կոչ էր անում ընտրել ՀՀԿ-ին։
Այսպիսով կարելի է փաստել, որ Ռուստամ Բաքոյանը «իմքայլական» բազմաթիվ պատգամավորների նման բանակից ազատված է, սակայն, ի տարբերություն նրանց՝ նա պաշտոնապես կեղծում է իր կենսագրությունը՝ ԱԺ պաշտոնական կայքում ներկայացնելով, որ 2 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։
Աղբյուրը՝ AntiFake.am