Մահացածին հարցաքննելու ցուցում: Ի՞նչ է պատահել իրավապահներին. Ժողովուրդ
ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:
Թերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա: Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզի Արեւիկ համայնքի ղեկավարի գործողությունների հետ կապված քրեական գործ կա հարուցված Շիրակի մարզի քննչական բաժնում, եւ դատախազը քննիչին միջնորդել է, որ հարցաքննի գյուղապետարանի աշխատակիցներից մեկի ամուսնուն: Քննիչը դատախազին ասել է. «Ուշադիր կարդացեք քրեական գործը եւ կհասկանաք, որ դա հնարավոր չէ եւ անհրաժեշտ չէ»:
Դատախազ-քննիչ բանավեճը բավականին թեժացել է: Դատախազը շարունակել է պնդել եւ ցուցում տալ, որ, այնուամենայնիվ պետք է հարցաքննել նշված անձնավորությանը: Քննիչն էլ դատախազին հայտնել է. «Ինչպե՞ս հարցաքննեմ, երբ գյուղապետարանի աշխատակցի ամուսինը մահացած է
Ասել է թե, իրավապահներն այնքան են խառնվել իրար, որ որոշել են հարցաքննել մահացած մարդկանց:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: