ՊԵԿ-ի ճշգրտումը աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը:
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նշված օրենքով հնարավորություն է տրվել մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայում ՀՀ սահմաններին, անցակետերի հրապարակներում կուտակվել են և դեռևս պարբերաբար ներմուծվում են բազմաթիվ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվում է ներգրավվել լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու նպատակով:
Այնուամենայնիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:
ՊԵԿ-ն քաղաքացիներից և բոլոր շահագրգիռ անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում: