28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին…

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ 
Ապտակում էիր 
Սխալիս համար 
Եվ սաստում էիր, 
Որ լաց չլինեմ։ 
Բայց ցաված տեղըս 
Համբուրում էիր 
Եվ իմ փոխարեն 
Ինձանից թաքուն 
Լաց էիր լինում: 
Ախ, վերջին անգամ, 
Չեմ իմանում ո՞ր 
Սխալիս համար 
Ինձ ապտակեցիր 
Կորուստով քո մեծ… 
էլ սաստող չեղավ, 
Որ լաց չլինեմ, 
Եվ ցաված տեղըս 
Համբուրող չեղավ, 
Եվ իմ փոխարեն 
Իմ ցավն զգացող 
Ու լացող չեղավ։ 
Ին՜չ անեմ, մայրիկ:

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ 

Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց, 
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին, 
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, 
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

ԿԱՆՉ

Անց կացավ օրըս, արևավորըս,
Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,
Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,
Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:

Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,
խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,
Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս –
Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:

Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,
Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,
Փախել է քունըս, կանչում է տունըս,
Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու

 

ԱՆՁՐԵՎ

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, –
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

***
Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

***
Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:

Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:

Ելավ քամին քարայրից,
Է՜խ, դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.

Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի…

Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:

Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից…

Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:

Համո Սահյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ