22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայրապետյանի պաշտպանների կոշտ արձագանքը գլխավոր դատախազությանը

Խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանմանը։

«Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝

1. Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել:

2.  Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումներն ու եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Չենք կարող չանդրադառնալ վերը հիշատակված՝ իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող, հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվությանը, որը տարածվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Նախ և առաջ փաստենք, որ անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը միջանկյալ միջոց է կիրառել։

ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման այն մասին, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում Դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։

Սամվել Մայրապետյանի իրավունքների պատշաճ պահպանման դեպքում ՄԻԵԴ-ի կողմից կմերժվեր միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդությունը, քանի որ երբ ՄԻԵԴ-ը չի տիրապետում այնպիսի անհերքելի տեղեկատվության, որով հիմնավորվում է իրական ու անդառնալի վնասի անխուսափելի ռիսկը, ՄԻԵԴ-ը մերժում է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը: Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն իր կողմից կայացված որոշմամբ պետությանը ցուցում տա իրականացնելու գործողություններ, որոնք վերջինս առանց այդ էլ իրականացնում է։

Վերը նշվածը հիմնավորում և միաժամանակ կայացված որոշման լրջության մասին է վկայում նաև ՄԻԵԴ պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես. 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի դեմ ներկայացված ընդհանուր հաշվով 578 միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություններից բավարարվել են ընդհամենը 5-ը, այսինքն՝ 0,86 %-ը: Առհասարակ, ՄԻԵԴ-ի կողմից Կանոն 39-ի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու դեպքերի մեծամասնությունը վերաբերում է արտաքսումներին և արտահանձնումներին, իսկ տվյալ դեպքում խոսքը՝ մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու պատճառով նրան անհրաժեշտ բուժօգնության երաշխավորման մասին է, ինչպիսի դեպքեր առավել հազվադեպ են լինում:

Այժմ մի շարք փաստեր, որոնց ծանոթանալը միայն բավական է դատելու համար, թե արդյո՞ք, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը գտնվել են ՀՀ գլխավոր դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ, և թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Այսպես. Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Նրա ձերբակալման առաջին իսկ օրից պատկան բոլոր մարմինները տեղեկացված են եղել նրա առողջական վիճակի մասին: Մայրապետյանի փաստաբանները նրանց են հանձնել ոչ միայն Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող փաստաթղթերը, այլ նաև ոլորտի նեղ մասնագետների եզրակացություններն առ այն, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և որ կալանավայրում գտնվելով շատ հավամական է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացում՝ կյանքին ակնհայտ սպառնալիքի առաջացումով:

Սակայն, այդ փաստերին տիրապետող պատկան մարմինները, որոնք՝ իբր միշտ ուշադրության կենտրոնում են պահել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը և իբր ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները հիմք են ընդունել և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ, իրականում ոչ մի քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել, ավելին՝ անտեսել են ոլորտի բժիշկ մասնագետների կարծիքները: Այդ ակնհայտ անգործության հետևանքն է եղել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը և այժմ անհապաղ վիրահատության անհրաժեշտության առաջացումը:

Մարդու առողջական վիճակը «ուշադրության կենտրոնում պահող»-ները նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մայրապետյանի առողջական վիճակը և այն նշանակելուց հետո անգամ 67 օր անց այդ փորձաքննության եզրակացությունը ոչ միայն դեռ չկա, այլ հայտնի էլ չէ, թե երբ կլինի:

Անձի՝ «պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորողներ»-ը թույլ չեն տվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա, այն հիվանդանոց, որտեղ նախկինում փրկել են նրա կյանքը: Թույլ չեն տվել այն պայմաններում, երբ տիրապետել են Մայրապետյանի բուժումը Հայաստանում իրականացնելու անհնարինության մասին վկայող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին:

Նույնիսկ հիմա, երբ ՄԻԵԴ-ը ոչ միայն արդեն կիրառել է միջանկյալ միջոցը՝ պարտավորեցնելով ՀՀ Կառավարությանը անհապաղ երաշխավորել Սամվել Մայրապետյանի բուժօգնությունը, այլ նաև առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն և պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի կալանքի տակ գտնվելու 83 օրվա ընթացքում և գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո էլ մինչև այսօր: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության համաձայն, ազգային մարմինները պետք է առաջին հերթին ապահովեն մարդու կյանքը և առողջությունը, եթե այն իրական և անխուսափելի վտանգի տակ է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ