Երիտասարդը շտապողականություն է դրսեւորել. “Ֆլեշի” Բարսեղը` ԲՀԿ խոսնակին
“ՖԼԵՇ” ՍՊԸ-ն արձագանքել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի` “Իրատես de facto” թերթի հոդվածի պատասխան-հայտարարությանը:
“Տիգրան Ուրիխանյանը բավականին երիտասարդ է, հետևաբար` շատ էմոցիոնալ, ուստի շտապողականություն է դրսևորել` նման կերպ արձագանքելով “Իրատես de facto” թերթի հոդվածին: Նախ, լինելով ԲՀԿ մամուլի խոսնակ, պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել: Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում նրան քննադատելու, դա այլ խնդիր է: Ինչ վերաբերում է երկրում վարկանիշ ունենալուն և բարեգործական գործունեությանը, Բարսեղ Բեգլարյանը երբևէ չի գովազդել իր արածը` չունենալով քաղաքական առաջընթացի նպատակներ, ինչպես ունեն շատերը, ինչի համար էլ ծախսում են գրոշներ և ի լուր աշխարհի կոկորդ պատռում: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուրը համարձակություն պիտի ունենա խոստովանելու երկրի տնտեսական ծանր վիճակի համար մեղքի իր բաժինը և հետո միայն քննադատի կեցվածք ընդունի”,- ասվում է “ՖԼԵՇ” ՍՊԸ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով ”Իրատես դե ֆակտո”-ի հոդվածի հետ կապված լրագրողի հարցին հայտարարել էր.” Թերթը, որի մասին դուք խոսում եք՝ ”Իրատես դե ֆակտոն” է, որի գաղափարական եւ ֆինասնական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն է։ Եւ այդ անձիք մեկ հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը “: