24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարզ դարձավ, որ հանքարդյունաբերողն առանձնապես պատրաստ չէ՝ խնդիրը կոմպրոմիսային տարբերակով լուծելու

Պայքարի ձեռքբերումներից մեկն այն է, որ խնդիրը ստացավ այնպիսի հնչեղություն, որ վարչապետն անձամբ եկավ տարածք և տեղում ծանոթացավ խնդրին: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց «Ամուլսարն առանց հանքի»  նախաձեռնության անդամներից Սոնա Ռուշանյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձոր այցի և Ջերմուկ համայնքի բնակիչների և հանքարդյունաբերությամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ վարչապետը ցանկանում է խնդիրը լուծել օրենքի շրջանակներում և օրենքի գերակայության պայմաններում»,- ասաց նա՝ նշելով, որ արդյունքը եղավ այն, որ այսօրվանից տեսչական մարմինը ստուգումներ է կատարելու:

Վարչապետի այցելությունը, ըստ նրա, դրական ազդեցություն ունեցավ բնակիչների շրջանում, և տեղում իմացան նաև հանքարդյունաբերողների կարծիքը խնդրի վերաբերյալ:

«Վարչապետը տեղում կազմակերպեց հանդիպում ժողովրդի և հանքարյունաբերողների հետ: Պարզ դարձավ, որ հանքարդյունաբերողն առանձնապես պատրաստ չէ՝ խնդիրը կոմպրոմիսային տարբերակով լուծելու: Մասնավորապես, հարց հնչեց, թե արդյոք պատրաստ է տեսչական ստուգման ընթացքում դադարեցնել իր գործունեությունը, հանքարդյունաբերողը տվել է բացասական պատասխան»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամներից Մերի Սերոբյանն էլ հավելեց՝ Ջերմուկի բնակիչների պայքարը Ամուլսարի համար օրինավոր է, և հանքի օգտագործման դեմ պայքարն իրենք պատկերացնում են օրենքի շրջանակներում:

Ըստ նրա՝ ընդերքի օգտագործման մասին օրենսգիրք կա, որը սահմանում է, որ ընդերքի օգտագործումը կարող է դադարեցվել, երբ ընդերքն օգտագործողը կարող է ծավալել իրեն թույլ տված օրենքի սահմաններից դուրս:

«Դեռ հանքը չի գործում, բայց մենք տեսնում ենք, որ իրենք չեն պահպանում կանոնները: Ջերմուկի փոշու մասին բազմիցս խոսել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները բողոքում են իրենց բնակավայր հասնող փոշու խտությունից: Բայցի այս, ըստ Մերի Սերոբյանի, Արփա գետի աղտոտումը ևս ցույց է տալիս նորմերի խախտում «Լիդիանի» կողմից:

«Արփայից ձկները տեղափոխում են Սևանա լիճ: Բնակիչները բողոքում էին, որ այստեղ ձկները սատկել էին «Լիդիանի» գործունեության արդյունքում»,- ասաց նա՝ հավելելով՝ ականատեսն են նրան, որ չնայած «Լիդիանում» ասում էին, որ շինարարության ընթացքում գետի վրա ազդեցությունը չնչին է լինելու, չի համապատասխանում իրականությանը, այս փուլում անգամ տեսնում են խախտումներ ընկերության կողմից:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներ Գեղամ Օհանյանն էլ  դրական համարեց այն, որ վարչապետը կոչ չարեց կանգնեցնել պայքարը՝ ճանապարհներ փակելը:  Արդյունքում, ըստ նրա, ավելի շատ մարդիկ միացան պայքարին:

«Մենք կասեցրել ենք «Լիդիանի» աշխատանքը և կասեցնելու ենք այնքան ժամանակ, մինչև տեսչական մարմնի և «Լիդիանի» միջև համաձայնություն չլինի, որ հանքի աշխատանքները ժամանակավոր կասեցնեն: Այդ ժամանակ միայն կբացենք ճանապարհը»,- ասաց նա:

Հարցին, եթե տեսչական մարմինն ասի, որ վնաս չկա, ինչ դիրքորոշում են ունենալու, Գեղամ Օհանյանը պատասխանեց, որ բնակիչներն են դեմ հանքի շահագործմանը, իսկ դա նշանակում է, որ հանքը չպետք է օգտագործվի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ