24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են մտահոգությունները՝ նախկին իշխանությունների նկատմամբ «ատելության խոսքի» կապակցությամբ

Վենետիկի հանձնաժողովի չափանիշներով արտահերթ ընտրություններից առաջ անհրաժեշտ է բավարար ժամանակ տալ քաղաքական ուժերին, հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան: Վերջիններս մայիսի 23-ից 25-ը Հայաստանում էին փաստահավաք այցով:

Նրանք շնորհավորել են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին և առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության ու քաղաքական հասունության համար, որը ցուցաբերվել է Հայաստանում բողոքի ակցիաների ու իշխանության փոփոխության ժամանակ: Համազեկուցողները նշել են, որ դրանք տեղի են ունեցել խաղաղ ու սահմանադրական դրույթներին ու սկզբունքներին համապատասխան։ 

«Իշխանության փոփոխության այս եղանակը և այնուհետև վարչապետ Փաշինյանի կողմից կառավարության նշանակումն ընդգծում է քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաև՝ քաղաքական բոլոր ուժերի հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։ Այս առումով բոլոր քաղաքական ուժերը պետք է արժանի գնահատվեն», – ասվում է  համազեկուցողների հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ ակնկալում են երկրում խորը և արագ բարեփոխումներ, որոնք նոր իշխանությունների առաջ դրված են ժողովրդի կողմից:

Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծել են, որ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները երկրում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու ազգային անվտանգության ապահովման համար:

Միևնույն ժամանակ համազեկուցողները վերահաստատել են  իրենց մտահոգությունները՝ նախկին իշխանությունների նկատմամբ սոցիալական ցանցերում տարածված «ատելության խոսքի» կապակցությամբ և կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին քննադատել այն։

Հայաստան կատարած այցի ժամանակ համազեկուցողներին տեղեկացրել են արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների ցանկության ու դրանց անցկացման անհրաժեշտության մասին։

Նշվում է, որ իշխանություններն ընտրությունների ժողովրդավարական անցկացման ապահովման համար ցանկանում են փոփոխել ընտրական օրենսգիրքը՝ հիմնվելով բոլոր քաղաքական ուժերի միջև լայն կոնսենսուսի վրա։ 

Համազեկուցողները նշել են, որ լիովին հասկանում են արտահերթ ընտրությունների անցկացման կոչերը, սակայն ընդգծել են, որ պետք է պահպանվեն Վենետիկի հանձնաժողովի չափանիշները՝ համաձայն որոնց ընտրություններից առաջ պետք է կայունացվի ընտրական օրենսդրությունը, ինչպես նաև կարիք կա քաղաքական ուժերին բավարար ժամանակ տալ՝ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար։

Համազեկուցողները ողջունել են նոր իշխանությունների ցանկությունը՝ շարունակել երկրում մարդու իրավունքների հետ կապված բարեփոխումները: Այս առումով նրանք հույս են հայտնել, որ խտրականության դեմ պայքարի օրենքը կընդունվի, ինչպես նաև Ստամբուլի ու Լանզարոտի կոնվենցիաների վավերացումը շուտով կլինի Ազգային ժողովի օրակարգում։

Համազեկուցողները շեշտել են Եվրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ