ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ս.թ. փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքները:
Անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչ այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևորել է նման դեպքերի հասցեագրված գնահատումը: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախարարը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար:
Սեյրան Օհանյանը տեղեկացրել է նաև, որ ս.թ. հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր և իրականացվում է հետաքննություն:
Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: