03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելացվել են բուժհաստատությունների վերազինման նպատակով բյուջետային հատկացումները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է քաղաքապետարանի առողջապահության, առևտրի, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում 2013 թվականին իրականացված աշխատանքներն ու 2014 թվականին ծրագրվածները, ինչպես նաև նախանշել այդ ոլորտների զարգացման միտումները։

            Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 32 բուժհաստատություններում, ըստ փոխքաղաքապետի, 2013 թվականին հատկանշական է եղել սարքավորումների ձեռքբերման աննախադեպ ծավալի ծրագիրը։ Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար գնվել են 70 մլն դրամ ընդհանուր արժողության բուժսարքավորումներ։ Դավիթ Օհանյանի խոսքով՝ սարքավորումների ձեռքբերումը լրացուցիչ հնարավորություն է ընձեռել այդ բուժհաստատություններին՝ ավելացնել վճարովի ծառայությունների գծով մուտքերը, ինչն իր հերթին ևս նպաստելու է ոլորտի զարգացմանը։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մենք ունենք 20 տարվա կուտակված խնդիրներ և այդ համատեքստում փորձում ենք հետզհետե վերացնել առկա հիմնախնդիրներն ու, դրանց լուծում տալով, կարգավորել ոլորտը։ Այս տարի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների, այդ թվում նաև պոլիկլինիկաների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով հատկացվել է շուրջ 100 մլն դրամ»,- նշել է Դավիթ Օհանյանը։

            Որպես բուժսպասարկման կարևորագույն ճյուղ՝ շտապօգնության ծառայության որակը բարձրացնելու նպատակով ներդրվող միջոցներն ուղղված են ինչպես տեխնիկական պարկի վերազինմանը, այնպես էլ ենթակայանների, դիսպետչերական կետերի հնարավորություններն ավելացնելուն։ Դավիթ Օհանյանը նշել է, որ հատկապես ծանրաբեռնված երթևեկի ժամերին շտապ բուժօգնության ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով վերջին տարիներին նաև ենթակայանների նոր տեղակայման վայրեր են հատկացվել, և այսօր Երևանում  գործում է շտապօգնության 7 ենթակայան։

            Անդրադառնալով մայրաքաղաքում ծնելիության տարեկան համեմատական թվին՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ 2012 թվականին արձանագրված 21979 երեխայի ծննդի համեմատ 2013-ի 663 ծնունդով նվազումը պայմանավորված է ծննդօգնության սպասարկման տեղայնացմամբ։

            «Ծննդօգնության համար այլևս մարզերից չեն գալիս Երևան, ինչի հաշվին էլ գրանցվել է մայրաքաղաքում ծնելիության թվի նվազում»,- նշել է Երևանի փոխքաղաքապետը։

            2013 թվականին Երևանի համաբուժարաններում ներդրվել է նաև նոր պրակտիկա: Հղի կանանց համար կազմակերպվում են դասընթացներ, որոնց արդյունավետությունը, քաղաքապետարանի ունեցած տվյալներով, բավականին բարձր է։

            2014-ին ևս շարունակվելու են Երևանի գործընկեր, հատկապես քույր քաղաքների հետ առողջապահական ծրագրերի իրականացումն ու վերապատրաստման, նաև սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Երևանի քաղաքապետի տեղակալը որպես նման համագործակցության օրինակ նշել է, որ 2013 թվականի դեկտեմբերին Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ վերապատրաստման ծրագրով մեկնել են Մարսել։

            Առևտրի և սպասարկման ոլորտում ևս ցուցանիշների փոփոխությունները դրական միտում ունեն։ Այս ոլորտում ներառված բացօթյա առևտրի արգելումը Դավիթ Օհանյանը հորդորել է դիտարկել ոլորտի կարգավորման տեսանկյունից։

            «Թյուր կարծիք կա ձևավորված, թե բացօթյա առևտուրն արգելելով աշխատատեղեր ենք վերացնում։ Մինչդեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բացվել են մինի շուկաներ, որտեղ իրենց ապրանքները վաճառում են նաև նախկինում գյուղմթերքի բացօթյա վաճառք իրականացնող քաղաքացիները։ Բացի այդ, գյուղնախարարության հետ համագործակցության արդյունքում այսօր Երևանում պարբերաբար գործարկվում են նաև գյուղմթերքի բացօթյա ևս 2 շուկաներ, որտեղ գյուղացիները հնարավորություն են ստանում վաճառել իրենց արտադրած մթերքը»,- նշել է Դավիթ Օհանյանը։

            2014 թվականին Երևանում 7 վերգետնյա գետնանցումներ են կառուցվելու՝ այս տարի նույնպես մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ դրանց կառուցման հասցեներն ու տեղակայումն ընտրվելու և հաստատվելու է խիստ չափանիշներով։

            Նախորդ տարիների համեմատությամբ 2013-ին աննախադեպ ծավալ է ունեցել նաև տասնամյակներ առաջ տեղադրված և արդեն ոչ պիտանի գովազդային վահանակների ապամոտնաժման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Ըստ այդմ, եթե 2009-ին ապամոնտաժվել է այդպիսի 35 վահանակ, 2010-ին՝ 51, 2011-ին՝ 89, 2012-ին՝ 130, ապա 2013 թվականին այդ թիվը կազմել է շուրջ 3000։

2013 թվականից հաստատվել են նաև տեղադրվող գովազդային վահանակների նոր չափսերը։ Ապամոնտաժվել է մեծ չափսի 106 գովազդային կրիչ, որոնց փոխարեն տեղադրվում են միջին և փոքր չափսերի կրիչներ։ 2014 թվականին գործընթացը շարունակվելու է։

            Անդրադառնալով Երևանի քաղաքային տնտեսությունում նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է այս ճյուղի կիրառումն ու գործառույթները, որի արդյունքում Երևանի  զբոսայգիներում, կանգառասրահներում, գրադարաններում, հասարակական տրանսպորտում և հասարակական այլ վայրերում ընդլայնվում է WiFi կապը, ներդրվում է տրանսպորտի կառավարման՝ Էլեկտրոնային չվացուցակների համակարգը, ինչպես նաև առավել մատչելի է դառնում բնակիչների հետ հետադարձ կապի հնարավորությունը՝ թեժ գծերի և համացանցի օգնությամբ։ Դավիթ Օհանյանն ընդգծել է հատկապես ինտերակտիվ բյուջեի ներմուծումը, որի միջոցով ցանկացած ոք կարող է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում առցանց տեղեկություն ստանալ մայրաքաղաքի ֆինանսական անցուդարձի, բյուջեում կատարվող ծախսերի մասին՝ չսպասելով եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացմանը։ 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ