Արծիվների հերթական մեդալը Սեյրան Օհանյանին
Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի եւ “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 4-ամյակի առթիվ, այսօր “Հայոց արծիվներ” կազմակերպությունը հյուրընկալվել էր Պաշտպանության նախարարությունում, որը, ի դեպ, առաջին անգամն էր:
Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը Հայոց պետականության կայացման ու հզորացման գործում ներդրում ունենալու համար նախարար Սեյրան Օհանյանին պարգեւատրեց “Հայոց արծիվներ” ոսկյա հուշամեդալով: Այնուհետեւ նա հանձնեց խորհրդանիշ արծիվը եւ նվիրեց օդամղիչ հրացան:
Նախարարը շնորհակալություն հայտնելուց հետո, կազմակերպությանը նվիրեց Պաշտպանության նախարարության խորհրդանիշ “Հայոց բանակի զինվորին”:
Խաչիկ Ասրյանը նշեց, որ այս օրը իրենց համար տոն է, քանի որ առաջին անգամ հյուրընկալվել են Պաշտպանության նախարարությունում եւ արժանացել ջերմ ընդունելության: Այնուհետեւ նա նշեց, որ “Հայոց արծիվներ” կազմակերպությունը եկել է նախարարին հաշվետվություն ներկայացնելու իրենց 4 տարիների գործունեության վերաբերյալ:
“4 տարիների ընթացքում “Հայոց արծիվները” մուտք են գործել 500-ից ավելի համայնքներ, հիմնադրել 300 մասնաճյուղեր, իրականացրել 550 միջոցառումներ: Այս տարիների ընթացքում կամավոր մեր կազմակերպությանը անդամագրվել են 32 հազարից ավելի մարդ: 2013թ-ը հայտարարեցինք հայկական բարձրավանդակում ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի: Շփվել ենք սահմանամերձ տարածքների կրթօջախների տնօրենների ու համայնքապետերի հետ, նրանք խնդրել են մարզագույք եւ օդաճնշիչ հրացան: Մենք անցած տարվանից սկսեցինք այդ գործի իրականացումը եւ 1 100 դպրոցների տրվել են գերմանական օդաճնշիչ հրացաններ: Շուտով Արցախի 350 դպրոցների եւս կտրվեն նման հրացաններ”,- ասաց նա:
Խաչիկ Ասրյանն ընդգծեց, որ 2014-ը լինելու է ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, որը սկսել են իրականացնել արդեն հունվարի 1-ից:
Նա ընդգծեց, որ եւս 300 մասնաճյուղ պետք է հիմնադրվի սահմանամերձ տարածքներում:
“Ստեղծել ենք օպերատիվ խումբ, յուրաքանչյուր մասնաճյուղում՝ 10-15 անդամ։ 3000-ից ավել հայորդիներ պատրաստ են կանգնելու բանակի կողքին ու պաշտպանելու սահմանները ոխերիմ թշնամուց”,- ասաց նա:
Իր հերթին նախարար Սեյրան Օհանյանը, գնահատելով “Հայոց արծիվներ” կազմակերպության կատարած աշխատանքը՝ նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում յուրաքանչյուր պետության ազգային գաղափարական կազմակերպվածության, ազդում է ներքին ու արտաքին քաղաքականության վրա, ու այն ամենակարեւոր ուղղություններից մեկն է երկրում: Այնուհետեւ նախարարը 6 կետից բաղկացած հանձնարարական տվեց կազմակերպությանը:
“Կազմակերպությունը իր աշխատանքները պետք է ավելի ակտիվացնի մարզերում, հատկապես՝ սահմանամերձ տարածքներում, ուր կյանքը հագեցված չէ մշակութային ծրագրերով: Մենք այդ ուղղությամբ պետք է մեծ ուշադրություն դարձնենք: Ապահովել կապը բանակի ու հասարակության միջեւ: Մենք հասարակության շրջանում աշխատանքներ ենք տանում սպայի դերի բարձրացման եւ նրանց լավագույն հրամանատարների օրինակով դաստիարակելու համար։ Դուք կարող եք մեզ օգնել, որ մեծ աշխատանքներ իրականացնենք. բուհերում աշխատանքներ տանեք, որ կրտսեր սպայական կազմը համալրվի եւ նրանց մի մասը աշխատանքը շարունակի մեր ոլորտում”,- ասաց նա եւ ավելացրեց, որ կազմակերպությունը պետք է օգնի փողոցային բարքերը բանակից դուրս հանելուն: