Հայկական առաջին պլանշետի շնորհանդեսին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ “Արմթաբ”-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է “Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս” ընկերությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար:
ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին:
Կառավարության ղեկավարը սա համարել է լրջագույն հաջողություն, քանի որ Հայաստանը երկարաժամկետ առումով գտնում է նաև իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտներից մեկը, իսկ վերջին 10 տարիների փորձը ցույց է տվել, որ այս բնագավառում մեր երկիրն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժ, երիտասարդ սերնդի կարողություններ:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իրականացված միջոցառումներն արդեն ձևավորել են միջավայր և տալիս են շոշափելի արդյունքներ: “Եթե կարողանանք քաղել այս ոլորտի բոլոր պտուղները, ապա դա կնշանակի, որ ևս 10 տարի անց ՀՀ տնտեսությունը կլինի ավելի արդյունավետ, իսկ արտադրողականության տեսակետից կլինենք մրցունակ պետություն”,- նշել է վարչապետը:
Ներկայացնելով ՏՏ բնագավառում 2013-ին արձանագրված արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ, և նախորդ տարին այդ առումով բացառություն չէր. աճը կազմել է շուրջ 20 տոկոս, իսկ արտահանումը՝ 12 տոկոս: Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ աճի մի զգալի մասն ապահովում է ներհանրապետական սպառում, ինչը նույնպես հաջողություն է: Ոլորտի ձեռնարկությունների 80 տոկոսն ունի հայկական ծագում:
Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ՀՀ ՏՏ ոլորտի նկատմամբ միջազգային տրանսնացիոնալ կորպորացիաների ուշադրությունն ավելի է մեծացել: «Սիլիկոնյան հովտում IBM ընկերության հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունն ամբողջությամբ իրացվել է:
Դրա արդյունքում այդ ընկերությունը Հայաստանում ունի իր կենտրոնը, որը հնարավորություն է տալու երիտասարդ սերնդին ավելացնել իր կարողությունները: Ուրախ եմ նաև, որ IBM-ի միջոցով համագործակցում ենք ԱՄՆ-ի առաջատար բուհերի հետ, ինչը հնարավորություն է տալու մշտապես պահպանել կրթական համակարգի բարձր մակարդակ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը փաստել է, որ “Մայքրոսոֆթ’-ը նույնպես ՀՀ-ում արձանագրում է զարգացման բարձր տեմպեր, իսկ մեր երկրում գործող վերջինիս ինովացիոն կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը:
Գործադիրի ղեկավարն արձանագրել է, որ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարի աճել է 1800-ով և կազմել 11 հազար, որոնցից 9 հազարը հանդիսանում են բարձրակարգ ինժեներներ:
Այսինքն, կառավարության կանխատեսումը, ըստ որի՝ ոլորտը տարեկան համալրվելու է 2000 մասնագետով, ինչն էլ համահունչ է այդ բնագավառի 20-30 տոկոսի տնտեսական աճին, դարձել է իրականություն: Վարչապետի խոսքով՝ ՏՏ բնագավառում առկա է կադրերի՝ բարձրորակ աշխատուժի պահանջարկ, և համապատասխան կրթության դեպքում երիտասարդները երաշխավորված կլինեն բարձր վարձատրությամբ աշխատանքի հարցում: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ավարտվել են նաև Գյումրու տեխնոպարկի ֆինանսավորման աշխատանքները, և շուրջ 6 հազար քմ տարածք պատրաստ է շահագործման:
Աշխատանքներ են տարվում տեխնոպարկը համալրելու ուղղությամբ: Կան բազմաթիվ մասնավոր ընկերություններ, որոնք հավակնում են իրենց գործունեությունը ծավալել տեխնոպարկում:
Միաժամանակ, տեխնոպարկին կից գործելու է նաև D-Link ընկերությունը: Այսպիսով, տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Գյումրիում մեծ թափ կստանա: “Այս փուլում կուտակել ենք զարգացման մեծ ներուժ, սակայն առաջ շարժվելու համար անհրաժեշտ են նոր ինստիտուցիոնալ ներարկումներ:
Պետք է մտածենք այն խթանների մասին, որոնք նոր ձևավորվող ընկերություններին հնարավորություն պետք է տան այս բավականին բարձր մրցակցային դաշտում գտնել իրենց տեղը: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքներ են տարվում նաև, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք մի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու Start up-երին գործել ավելի մեղմ հարկային դաշտում, որն էականորեն տարբերվելու է գործող հարկային դաշտից”,- տեղեկացրել է կառավարության ղեկավարը:
Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանել է, որ հայկական պլանշետների արտադրության ուղղությամբ իրենց ներդրումային ծրագիրը լավագույններից է` թե ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով:
Նրա խոսքով՝ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ ցուցաբերած մեծ աջակցության համար: Համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկի”,- նշել է Էրիկ Ռայենը:
Շնորհանդեսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և “Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս” ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով 2015 թվականից “Արմթաբ” պլանշետները կներդրվեն Հայաստանի դպրոցական համակարգում:
Հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը (Armphone) ներկայացվել էր ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում:
Նախատեսվում է, որ “Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս”-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցնի 50 հազարի, իսկ մեկ պլանշետի գինը կլինի շուրջ 180 դոլար, ինքնարժեքը` շուրջ 135 դոլար: Կառավարության թույլտվությամբ “Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս” ընկերությունը գործունեություն կծավալի “Ալյանս” ազատ տնտեսական գոտում: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: