Ամեն ինչ խզվել է աշխարհում, ամեն ինչ լցվել է լռությամբ…
ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ
Խնձորի ծառ,
Քո ճյուղքի մեջ
Թռչուններ կան և ստվերներ:
Սլանում է իմ երազը,
Լուսնից իջնում քամու թևին:
Խնձորի ծառ:
Կանաչել են քո ձեռքերը:
Ճերմակ քունքերը հունվարի
Մարտին էլ դեռ երևում են:
Խնձորի ծառ…
(Մարած քամի)
Խնձորի ծառ…
(Մի մեծ երկինք):
ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ
Կանաչ երկնքի կանաչ խորքերում
Կանաչ աստղերի փայլեր կան կանաչ:
Ինչպե՞ս անենք, որ սերը չմեռնի:
Ի՞նչ կպատահի, ո՞վ գիտե արդյոք:
Ձուլվել են բարձր աշտարակները
Ցուրտ մշուշներին:
Մենք ի՛նչ հնարքով տեսնենք իրարու:
Պատուհանները փակ են հիրավի:
Կանաչ երկնքում
Լողում են հարյուր վառ-կանաչ աստղեր
Ու չեն նկատում հարյուր սպիտակ
Աշտարակները ծածկըված ձյունով:
Եվ որպեսզի իմ տագնապներն ամեն
Թվան ավելի բուռն ու կենարար,
Իմ տագնապները ես պիտի ներկեմ
Կարմիր ժպիտով:
ԱՎԱՂ
Նոճու սև ստվերը տնքում է,
Գիշերվա քամու դեմ օրորվում:
(Ինձ մենակ թողեցեք
Դաշտերում):
Ամեն ինչ խզվել է աշխարհում,
Ամեն ինչ լցվել է լռությամբ:
(Ուզում եմ մեն-մենակ արտասվել
Դաշտերում):
Խարույկի, խարույկի սուր լույսից
Մութ հեռուն ընկել է վիրավոր:
(Ինձ մենակ թողեցեք դաշտերում,
Միայնակ,
Մենավոր…):
ԱՐՁԱԳԱՆՔ
Առավոտն արդեն
Ծաղկի պես բացվեց:
(Հիշո՞ւմ ես
Դողդոջ աղջամուղջը դու):
Շապուհը լուսնի՝
Հոտավետ ցուրտ է սփռում չորսբոլոր:
(Հիշո՞ւմ ես
Մաշվող հայացքն ամառվա):
ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ