18 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ներկայացվել է Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը:

Վահե Նիկոյանը, խորհրդին ներկայացնելով Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, ընդգծել է, որ այն կազմվել է գործող օրենսդրությանը համապատասխան և հնարավորին մանրամասն:

Նախքան հաշվետվության ներկայացումը, Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևան քաղաքի 2014 թվականի տարեկան ինտերակտիվ բյուջեն, որը փորձնական գործարկվել էր դեռ 2013 թվականի տարեվերջին, իսկ այժմ արդեն հասանելի է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

«Ինտերակտիվ բյուջեն հասանելի է յուրաքանչյուր բնակչի: Այն հնարավորություն է տալիս, չսպասելով եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացմանը, յուրաքանչյուր պահի առցանց տեղեկատվություն ստանալ մայրաքաղաքի ֆինանսական անցուդարձից՝ բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերի և դրանց վրա կատարվող ծախսերի կտրվածքով։ Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի բյուջեի առավել թափանցիկության ապահովմանն ու հավանության կարժանանա մեր բնակչության կողմից»,- նշել է քաղաքապետի տեղակալը՝ ավելացնելով, որ ծրագիրը մատչելի է  նաև բջջային հեռախոսների միջոցով:

Այնուհետ Վահե Նիկոյանը առավել ամփոփ ներկայացրել է 2013-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները:

Մասնավորապես Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված եկամուտներին անդրադառնալով՝ նշվել է, որ դրանք կազմել են 63,667,925.2 հազ. դրամ, ինչը 2012 թվականի փաստացի ցուցանիշից ավելի է 6,420,228.9 հազ. դրամով կամ 11.2%-ով։ 2013 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 17,003,946.6 հազ. դրամ, ինչը 2012 թվականի համապատասխան ցուցանիշից ավելի է 919,487.1 հազ. դրամով կամ 5.7%-ով: Այսինքն, եկամուտների հավաքագրման առումով առկա է տեսանելի առաջընթաց։ Տարեկան եկամուտներին մասով նշվել է, որ  հարկային եկամուտների և տուրքերի մասով 2013 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 12,004,407.3 հազ. դրամ, իսկ 2012 թվականին՝ 11,357,325.3 հազ. դրամ, այսինքն փաստացի կատարողականը նախորդ տարվա համեմատ 647,082.0 հազ. դրամով կամ 5.7%-ով ավելի է։

Նախորդ տարվա ընթացքում եկամուտների հավաքագրման գործընթացի վերլուծության արդյունքում Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխությունների մի շարք առաջարկներ, որոնք միտված են լինելու եկամուտների հավաքագրման գործընթացն էլ ավելի արդյունավետ և կանոնակարգած դարձնելուն։

Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են  62,161,662.3 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի  95.0%-ը: Եվ չնայած որ 2013 թվականի ծախսերի ծավալը 2012 թվականի փաստացի կատարողականից 3,075,959.8 հազ. դրամով ավելի է, այնուհանդերձ, գնումների գործընթացում առաջացած խնայողությունները հնարավորություն են տվել 5% ով տնտեսել տարեկան կտրվածքով նախատեսված ծախսերը։

Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեն կատարվել է 1,506,262.9 հազ. դրամ հավելուրդով՝ նախատեսված 537,155.4 հազ. դրամ պակասուրդի  դիմաց, պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:

2013 թվականի ծախսերի հետ կապված՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է, որ փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 97.6%: Ընդամենը փաստացի ծախսերից 54,433,659.5 հազ. դրամը կամ 87.6%-ն ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 7,728,002.8 հազ. դրամը կամ 12.4%-ը կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), ինչպես նաև 8, 929, 505.2 հազ. դրամի ծախսեր իրականացվել են ոչ միայն ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի հաշվին: Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության) ծախսերը, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 37.2%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 34.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 11.2 %:

Փաստացի կատարված ծախսերի հետ կապված՝ նշվել է, որ 10%-ից մի փոքր ավելին  ուղղվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կառավարման ապարատի պահպանմանը, որտեղ առկա է ծրագրված ծախսերի մոտ 7.5% տնտեսում։  Ծախսերի մոտ հիմնական մասն ուղղվել է մայրաքաղաքի բարեկարգմանը, կոմունալ ծառայությունների կազմակերպմանը, բնակարանային շինարարությանը, կանաչապատմանը, ոռոգմանը, բազմաբնակարան շենքերի պահպանմանը, որոնք ապահովել են Երևանի ծրագրային զարգացման շարունակականությունը՝ ներառելով նաև  առաջադեմ մայրաքաղաքների զարգացման և արդիականացման փորձի կիրառման դրական միտումները։   

Նախագծի ներկայացումից հետո Վահե Նիկոյանը պատասխանել է  խորհրդի անդամների հարցերին:

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ սահմանված կարգով հաշվետվությունը կներկայացվի հանրային քննարկման ու կկազմակերպվեն հանրային լսումներ, որից հետո արդեն հաշվետվության նախագիծը անկախ աուդիտի եզրակացությամբ կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ