22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման. Խաչիկ Ասրյան /ֆոտո/

Հ  այոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայրենասիրական 22 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում: “Հայոց Արծիվները” 2014 թվականի 1-ին ռազմահայրենասիրական միջոցառումների շարքը կազմակերպեց եւ անցկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հինգ զորամասում:

                Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի նախօրյակին “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային կորպուս (որտեղ տեղակայված են 5 զորամաս)` սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու ազգային բանակի  կազմավորման 22-րդ տարեդարձը:

Միջոցառումն սկսելուց առաջ՝ Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց հայրենիքի ծառայության համար մարտիրոսված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ շատ էին շնորհավորական ելույթները:

  “Պաշտպանության  նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, մարտիրոսված եւ կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ, կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամել է՝ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը հա­յոց:

Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող “Հայոց Արծիվների” եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արծվի սրատեսություն ունեցող հզորագույն բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, “Հայոց Արծիվներ”, միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը արարչագործ հայ ժողովրդի ազնվագույն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, “Հայոց Արծիվներ”:

Այո՛, դո՛ւք եք, որովհետեւ  դո՛ւք եք ձեռքներդ դնելու խղճներիդ եւ ասելու. “Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի, եւ այդ հաղթությունը դո՛ւք եք բերելու ձեր ընտանիքին, զորամասին, հայրենիքին”: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սիրով սպասող թանկագին ծնողները եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները:

Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների կացնասեր սաֆարովյան ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցե´ք  նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթանակած, ազգային ոգին անպարտ է, միշտ գիտակցե´ք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջեւ՝ անընդհատ հզորացնելու հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ եւ հզոր Հայաստան, եւ գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրեցեք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը եւ այսօր, քան երբեւէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, եւ այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե՛ ազգային բանակը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ հայոց պետականությունը”,-ասաց Խաչիկ Ասրյանը:

Վերջինս “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով պարգեւատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանին, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հոկսեն Միրզոյանին եւ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին: Խաչիկ Ասրյանը նաեւ թանկարժեք իրային նվերներով պարգեւատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում կազմակերպած հայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին եւ Վանաձոր քաղաքի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

  

 

    “Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի  տեղեկատվության եւ

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ