Սահմանադրական դատարանի վրա ճնշում ՝ համազգային գործադուլո՞վ/վիդեո/
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքն ընդունելու որոշումը՝ ժամանակավորապես դադարեցվել է: Սակայն միայն երկու ամսով:
Այսօր Հենարան մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հասարակության բավականին լայն զանգվածներին հուզող խնդրին անդրադարձան “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը և փաստաբան Նորայր Նորիկյանը:
“Այդ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, դա պարզ կդառնա միայն երկու ամիս անց: Սահմանադրական դատարանը պիտի ինչ որ վճիռ կայացներ և նա կայացրեց վճիռ , ըստ որի երկու ամսով կասեցրեց որոշումը”,-նշեց Անահիտ Բախշյանը:
Նորայր Նորիկյանի դիտարկմամբ օրենքը ըստ պատշաճի չի ուսումնասիրվել քվեարկության դնելուց առաջ.”Այս ամենի մեջ հնարավոր չէ չնկատել քաղաքական բաղադրիչ, իմ կարծիքով միտված է հասարակական տրամադրությունների շոշափմանը, ինչպես նաև հնարավոր հակազդեցության չափի ստուգմանը”:
Փաստաբանը պատահական չի համարում ՀՀ նախագահ Սեժ Սարգսյանի հայտարարություն այն մասին, որ նման օրենքի ընդունում տարիներ հետո կարող է համարվել պատմական քայլ:
“Ներկա իրավիճակում Սահմանադրական դատարանի որոշումը մեծամասամբ պայմանավորված է լինելու այն հանգամանքից, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում շահագրգիռ կազմակերպությունները, հասարակությունը առհասարակ ինչպիսի վարքագիծ է դրսևորելու: Կլինի ադեկվատ ճնշում Սահմանադրական դատարանը կլինի այդ ճնշմանը ադեկվատ: Չի լինի՝ վստահ եղեք, որ կունենանք այն ինչ ունենք:Ես գտնում եմ, որ պետք է կիրառվի պայքարի բոլոր հնարավոր միջոցները սկսած՝ մեղմ ասած բոյկոտից մինչև համազգային գործադուլ”,-նկատեց Նորիկյանը:
Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում: