Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող խորհրդի նիստ է գումարվել
Այսօր Մատենադարանի նոր գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումը, Նախագահը տեղեկացրել է, որ առաջին նիստից՝ 2011թ. մայիսի 30-ից հետո քարտուղարությունը աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովի հանձնարարությունների կատարման ուղղությամբ: Հանձնարարականներ էին տրվել նաև ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար: Այդ ուղղությամբ ևս, ըստ Հանրապետության ղեկավարի, որոշակի աշխատանքներ են տարվել: Դրանց մասին նիստում հանձնաժողովին հաղորդումներ են ներկայացվել:
Օրակարգի հարցերի շրջանակում նիստի մասնակիցներն անդրադարձել են պետական հանձնաժողովի և հանձնաժողովին կից փորձագիտական խմբի կազմերին: Ներկայացվել է հանձնաժողովի կազմն ընդլայնելու առաջարկություն, որն ընդունվել է: Որոշման համաձայն, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Հոմենետմենի, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ու Հոմենմենի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով երիտասարդությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներգրավելու կարևորությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, բարերար Գաբրիել Ջամբարջյանը (Ջամբարջին): Նշվել է, որ այդ հիմնադրամն է ֆինանսավորում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման և ընդարձակման աշխատանքները, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագիծը: Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվում են բազմաթիվ այլ ծրագրեր:
Նիստում հաստատվել է նաև հանձնաժողովին կից փորձագիտական խմբի 25 հոգանոց կազմը՝ չբացառելով հետագա համալրման հնարավորությունը: Պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի առաջարկը՝ որպես սկզբունք ընդունել փորձագիտական խմբում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած և դրա համար ՀՀ նախագահի մրցանակի արժանացած անձանց ընդգրկելն ու ամեն տարի այդ կազմը նոր մրցանակակիրներով համալրելը, ընդունվել է հանձնաժողովի կողմից: Հայկ Դեմոյանն այսօր առաջարկել է Հարություն Մարությանի թեկնածությունը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ի գիտություն է ընդունվել 2011-2012թթ. ընթացքում պետական հանձնաժողովի քարտուղարության կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի քարտուղար, ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նիստի մասնակիցները լայն քննարկում են ծավալել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ընդհանուր ռազմավարության, հայեցակարգային ու ծրագրային մոտեցումների և հանձնաժողովի գործունեության ուղղությունների շուրջ: Կարևորվել են առաջադրված նպատակների իրագործման հարցում հայության բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական քայլերն ու ջանքերի համադրումը:
Օրակարգի հարցերի շրջանակում հանձնաժողովը քննարկել և հաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների առանձնանշանի և կարգախոսի մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը: Քարտուղարությանը հանձնարարվել է հրապարակել հայտարարության տեքստը: Նկատի առնելով տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հանրային իրազեկման և լուսաբանման կարևորությունը, նաև համացանցի միջոցով հայ և օտար լսարաններին այդ տեղեկությունների հետևողականորեն նեկայացումը՝ պետական հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացրել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջի նախագիծ: Նախատեսվում է, որ ընթացիկ տարում կայքէջը կթողարկվի՝ մեկնարկային 7 լեզուներով:
Հանրապետության նախագահը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ սկսվել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնական վերանորոգման, Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման և նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Այս նախաձեռնությունը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շարքից է:
Այսօրվա նիստում քննարկվել է նաև պետական հանձնաժողովի և փորձագիտական խմբի գործունեության ֆինանսավորման հարցը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել հարցը և առաջարկություններ ներկայացնել՝ 2013թ. բյուջետային հայտում այն ներառելու համար:
Պետական հանձնաժողովը որոշել է հաջորդ նիստը հրավիրել 2013թ. մայիսի 27-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 95-րդ տարեդարձի նախօրեին, ըստ անհրաժեշտության գումարել նաև լրացուցիչ նիստ