ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին /ֆոտո/
Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի եւ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Գերմանիայի հետ գործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում, ինչի վառ վկայությունն է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության զարգացումը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարեւոր լծակ է: ԱԺ նախագահը կարեւորեց փոխգործակցության հետագա զարգացումը տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Անհրաժեշտ համարվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
Անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հունգարա-ադրբեջանական գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն եւ կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա շեշտեց, որ Գերմանիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբեր ուղղություններով: Անդրադառնալով սաֆարովյան դեպքին` Բունդեսթագի նախագահն անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին արդարացնելը եւ ազատ արձակելը: Նրա համոզմամբ` Եվրոպայում եւ աշխարհում չի կարող գտնվել մի երկիր եւ միջազգային կազմակերպություն, որ անընդունելի եւ դատապարտելի չհամարի այդ փաստը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, քաղաքական դրական մթնոլորտը: Նա հատկապես առանձնացրեց եւ հաջողված համարեց դատական համակարգում եւ ոստիկանությունում իրականացված բարեփոխումները: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը շեշտեց, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտահայտելով իր տեսակետը` պարոն Մինյոնը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը եւ սպառել է իրեն: ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք էր նաեւ հանդիպմանը ներկա ԵԽԽՎ “Եվրոպական դեմոկրատներ” խմբի ղեկավար Բոբ Վալտերը: Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Ըստ պարոն Մինյոնի` Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար: Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց, որ իրադրությունը շարունակում է զարգանալ վտանգավոր ուղղությամբ եւ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է կատարվածը, Ադրբեջանում նոր թափ է առել այդ մարդասպանի մեծարման եւ արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսեւորումները կարող են վարակիչ լինել: Ըստ ԱԺ նախագահի` դա ոչ միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձեւով նախատեսված ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ: “Դուք ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, եւ որ ժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ կդառնար նաեւ փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ”,-եզրափակեց ԱԺ նախագահը:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան:
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ելույթով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Օրվա ընթացքում նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: