Խախտելով պառլամենտական ավանդույթը…
Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ մշտական 9 հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթով անդրադարձավ բոլոր թեկնածուներին: Նախ նշեց, որ խախտում է պառլամենտական սովորույթն ու անդրադառնում է ոչ միայն իր կուսակիցներին, այլև «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածուներին:
Վարդան Բոստանջյանի հետ, ինչպես ինքն ասաց, պատիվ է ունեցել աշխատելու խորհրդարանում: «Այդ տարիները եղել են բավական արդյունավետ: Դուք բարձր պրոֆեսինոալ եք, շատ ավելի բարձր մարդ եք, ձեզ հետ շփումը ուսանելի է»,-ասաց նա, ապա հավելեց, որ Վարդան Բոստանջյանն ունի այն մարդկային որակները, որոնք պետք են հանձնաժողովում: «Ձեր հանձնաժողովում կարող է լինել պառլամենտական մշակույթին հարիր, կոռեկտ, նաև բազմազան կարծիքների բախում, դեբատներ, դուք ունեք լսելու ունակություն, ինչը հատուկ է դասախոսին: Ձեր թեկնածությունը գրեթե բոլորի համար ընդունելի է: Այս խորհրդարանում Ձեր տեղը շատ էր երևում»: Շարմազանովը կոչ արեց գործընկերներին սիրելի պրոֆեսորին ձայն տալ:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանին՝ նա նշեց, որ բազում բախումներ են եղել դահլիճում ու դրանից դուրս նրանց միջև, բայց լինելով ԵԽԽՎ պատվիրակության անդամ ու խմբակցության ղեկավար, նաև Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահ՝ միշտ միջազգային հարթակներում պաշտպանել է ՀՀ շահը, Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հայաստանյան տեսլականը: «ՀՀ սահմաններից դուրս պահել եք Ձեզ որպես պետական մտածողություն ունեցող մարդ, առաջնորդվել եք ոչ թե կուսակցական շահով, այլ պետական շահով, :
Վարդևան Գրիգորյանի հետ ԱԺ փոխնախագահը խորհրդարանում չի աշխատել: «Բայց իմ պաշտպանության ժամանակ նա այն պրոֆեսորաներից էր, որ պիտի գնահատական տար իմ գիտական աշխատանքին: Ձեր մարդկային որակն ու Ձեր հեղինակությունը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ձեզ նման պրոֆեսիոնալ մարդիկ գեղեցկացնում են խորհրդարանը»:
Գալով ՀՀԿ-ական թեկնածուներին՝ Շարմազանովը նախ դիմեց Գագիկ Մինասյանին՝ ասելով, թե նա իր համար պարկեշտության մարմնացում է: «Պարոն Մինասյանի հետ շփվելուց հասկանում ես, թե որն է ճիշտը: Գագիկ Մինասյանը, երկար տարիներ աշխատելով հայոց խորհրդարանում, ես էլ չեմ տեսել մի մարդ, ով նրա մարդկային ու պրոֆեսինոալ որակների մասին ունենա վատ կարծիք»: Շարմազանովն ընդգծեց, որ Գագիկ Մինասյանի արժեքային համակարգն է կարևորում, հիշեցրեց, որ Մինասյանն Անդրանիկ Մարգարյանի հետ միասին պայքարել է անկախ Հայաստանի մասին:
Հակոբ Հակոբյանի մասին նա խոսեց որպես սկզբունքային անձնավորության: «Նա, ով օրը 6 անգամ կարծիք է փոխում, նրա հետ ճամփա գնալ չի կարելի»,-նկատեց նա: Ըստ Շարմազանովի՝ Հակոբյանի գլխավորությամբ՝ հանձնաժողովը լուրջ հաջողություններ է գրանցելու, ապա հավելեց, որ նախագահի թեկնածուն պատրաստ է աշխատելու և ընդդիմության, և դիմության հետ:
Կորյուն Նահապետյանի այսպես բնութագրեց. «Դուք բարձր պրոֆեսիոնալ եք, ունեք ազգային արժեքային համակարգ, կարողանում եք աշխատել ընդդիմության հետ»:
Արմեն Աշոտյանի դերակատարկումը, Շարմազանովի ներկայացմամբ, շատ կարևոր է եղել կուսակցության արտաքին հարաբերությունների ու կապերի գործում: Այն, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, շատ մեր ձեռքբերում է, և Աշոտյանը դերը սրանում չտեսնելը սխալ կլինի: Շարմազանովը հիշեցրեց, որ Աշոտյանի մասնագիտության հետ կապված քննարկումներ շատ են եղել. «Այո պարոն Աշոտյանը շատ լավ բժիշկ կարող էր դառնալ, բայց նա դարձավ շատ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ»,-ասաց ու հիշեցրեց, որ Աշոտյանը տիրապետում է 3 լեզուների, նախարար եղած ժամանակ էլ Հայաստանի կրթական համակարգում հաջողություններն ակներև են եղել:
Հրայր Թովմասյանին նա նկարագրեց որպես սահմանդրության Թովմաս Ջեֆերսոն: Խոսրով Հարությունյանին էլ հաջողություն մաղթեց ու հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում հաջող աշխատանք են տարել ու հենց Խոսրով Հարությունյանի շնորհիվ է, որ արգելվել է Պակիստանի մուքտը որպես դիտորդ: