Ռուս, խմել, ով գիտե ուրտեղաներ է … զինծառայողը հայտնաբերվել է /տեսանյութ/
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան ուղեկցել են ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում, հանգամանքները ճշտվում են։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։
Շիրակի դատախազությունից տեղեկացրել էին, որ հարցաքննվել են նրա ծառայակից ընկերները, որոնք նշել են, թե Դմիտրին հաճախ է օգտագործել ոգելից խմիչքներ: Նա կրտսեր սերժանտ է, ամուսնացած չէ, բնակվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող հանրակացարանում: Ոստիկանության որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրան վերջին անգամ տեսել էին մոտակա խանութներից մեկից դուրս գալու ժամանակ, որտեղից նա օղի է գնել։
Հատկապես Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում ակտիվ են որոնումները, քանի որ այս թաղամասերը բացի այն որ մոտ են ռազմաբազային, նաև այս թաղամասերում ռուս զինծառայողները ունեն վարձով բնակարաններ: Իմանալով զինծառայողի անհետացման մասին շատերը դարձել են զգուշավոր: Եթե հաճախ շատ դռներ բաց էին, հիմա մարդիկ ամուր փակել են դռները, դուռն էլ բացում են միայն մի քանի անգամ ստուգելուց հետո:
Երեկ մինչ ուշ գիշեր ոստիկանները հսկել են թաղամասը, բնակիչներին հարց ու փորձ արել: Իսկ այսօր նաև երկնքում կարելի էր տեսնել ուղղաթիռ: Բնակիչներից շատերի մոտ տագնապ առաջացավ` մտածելով, որ կորած զինծառայողը հավանաբար տարածքում է: Բայց, թե իրականում ինչ ուղղաթիռ էր, ու ինչ նպատակով էր պտտվում ոչ մի իրավասու մարմին չպարզաբանեց:
Քիչ առաջ էլ պարզվեց, որ հենց Մուշ թաղամասից են գտել ռուս զինծառայողին:
Ներկայացնում ենք Henaran.am-ի թղթակցի տեսանյութը գյումրեցիբների հետ, որն արվել է այսօր կեսօրին: