Կայացավ «Թալիշ» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած վերքերը դեռ թաց են: Կորուստներ` զինվորների, հողերի, դաժան իրականության հետ բախումն էր միայն, որ կար ապրիլյան այդ օրերին: Իսկ այն, ինչ եղավ Թալիշում, ոչ ոքի, նույնիսկ միջազգային հանրությանն անհաղորդ չթողեց ու չհուզեց:
Թեժ մարտերի կիզակետում էր Թալիշ գյուղը, որը մի քանի ժամում վերածվեց ռազմական ավանի: Թշնամու կրակի տակ, տեղի բնակիչներն առաջին անհրաժեշտ պարագաները վերցնելով հեռացան՝ տեղանքը թողնելով հայ զինվորներին՝ ռազմական գործողություններ իրագործելու համար: Եվ չնայած այս ամենին, սահմանը մնաց կանգուն…
Լրագրող Գևորգ Դերձյանին հաջողվել է պատերազմական գոտում նկարահանումներ կատարել: Ֆիլմում երևում է, թե ինչ է իսկապես կատարվել Թալիշում, ովքեր են եղել պայքարողները, հայրենիքը թշնամուն չտվողներն ու կանգուն պահողները:
Երեկ «Loft»-ում առաջին անգամ ցուցադրվեց դոկումենտալ, լրագրողական «Թալիշ» ֆիլմը:
Henaran.am-ի հետ զրույցում Գևորգ Դերձյանն ասաց, որ իրենք Թալիշում են եղել` տեղեկատվական նյութեր հաղորդելու, որոնք օրերի, շաբաթների ընթացքում անցել-գնացել են, իսկ ինքը կարծում է, որ այս պարագայում խոսքն այնպիսի անձանց է վերաբերում, ում մասին անընդհատ պետք է խոսել:
Գևորգ Դերձյանի խոսքով՝ այն, ինչ տեսան Թալիշում, աննկարագրելի է: «Երբեմնի Թալիշը վերածվել էր ռազմակայանի, լիովին դատարկվել: Հասցրել ենք նկարել միայն մեկ ընտանիքի, որը ևս հեռանում էր՝ իր հետ վերցնելով առաջին անհրաժեշտության իրերը:
Այս մարդկան մասին ինչ-որ արժեքավոր բան ստեղծելու կարիք շուտվանից էի զգում»,-ասաց լրագրողը, ով նաև այս մեկ տարվա ընթացքում կապի մեջ է եղել իր հրապարակումների բոլոր հերոսների հետ: Նաև որպես լրագրող իրեն հետաքրքրում է լուսաբանել հենց ռազմական ոլորտը, զինվոր կերպարը ցույց տալ այնպես, ինչպես որ կա:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած հերոս տղաները և հանուն հայրենիքի զոհված հերոսների ծնողները: