Իմ Եպոն ամեն ամիս փող է ուղարկում, էրեխեքին պահում եմ /տեսանյութ/
Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները նախօրեին Գյումրիում էին: Նրանք իրենց քարոզարշավը սկսեցին երթով Արվեստների ակադեմիայից
` իրենց ծրագրերը ներկայացնելով հասան Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոն, որի դահլիճում էլ ելույթ ունեցան լենինականցի կոմունիստ առաջորդները:
Լենինականի մասին հուզմունքով ու կարոտով էր խոսում Կոմկուսի առաջին քարտուղար լենինականցի Տաճատ Սարգսյանը: «Ես խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առջև, որ ես կարողանամ ձևավորվել ու իմ լուման ներդնեմ Լենինականի զարգացման համար: Քաղաք, որ առանձնանում էր իր թասիբով, պատվով, հյուրասիրությամբ, քաղաք, որ առանձնանում էր արդյունաբերական հզորությամբ: Ճակատագրի բերումով տեղափոխվեցի Երևան` ապրելու, բայց իմ ուշք ու միտքը Լենինականն է»:
Լենինականցի Գագիկ Մանուկյանն էլ, ով մի քանի տարի առաջ Գյումրիի փոխքաղաքապետն էր, իսկ այժմ Կոմկուսի երկրորդ քարտուղարը, սկսեց խոսել ծրագրերից` մեղադրելով ոչ միայն իշխանություններին, նաև ընդդիմությանը, որոնց ծրագրերը չի տարբերվում մեկը մյուսից. «բոլորի հիմքում փչացած կապիտալիզմն է»:
Ըստ բանախոսի, հզոր արդյունաբերական ձեռնարկություններ ունեցող Գյումրիից այսօր ոչինչ չի մնացել․ 70 տարիների ընթացքում ստեղծվածը շատ արագ փոշիացվել է։ Գագիկ Մանուկյանի ասելով, Ազգային Ժողով մտնելուն պես պատասխանատվության կկանչվեն այն բոլոր մարդիկ, ղեկավարները, որոնք մասնակից են եղել ալան-թալանին։Կոմունիստների հետ հանդիպման ժամանակ խոսվեց արտագաղթից, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից և նրանից, թե ինչպես փոխվել են մարդիկ: Կանայք ստիպված մեկնում են Թուրքիա աշխատելու.
«Տղամարդիկ, փոխանակ պահակություն անեն, փողոց մաքրեն՝ իրենց հալալ քրտինքով հաց վաստակեն, գլուխները բարձր պահած ասում են՝ գիտես, իմ Եպոն արտասահմանում է, ամեն ամիս փող է ուղարկում, երեխաներին պահում եմ: Հայ ազգին, լեննականցուն չի սազում նման վարքագիծը: Եկեք ինչ-որ ձեւով յոլա գնանք, մինչեւ որ երկրում իշխանությունը կփոփոխվի»,- հորդորեց Տաճատ Սարգսյանը, ապա անդրադրձավ հայ-ռուսական հարաբերություններին ու 102 ռազմաբազային:
«Լեննականցիները ճիշտ են անում, որ հոգատարությամբ ենք պահում ռուս զինվորին: Մեզանից 6-7 կմ է Թուրքիայի սահմանը: Կան մարդիկ, արկածախնդիր, որ ասում են հանել 102 դիվիզիային տեղափոխել Լենինականից, մոռանալով, թե ովքեր են մեր թշնամիները», նշեց Տաճատ Սարգսյանը: