Կվերցնի՞ մանդատը (տեսանյութ)
«Դուք հիշում եք հարցազրույցը, բայց չեք հիշում հարցազրույցի հաջորդ միտքը, որ եթե լինեն ֆորսմաժորային զարգացումներ, ապա Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, իսկ ղարաբաղյան հարցում ունենք մի իրավիճակ, որը կարող է լինել ֆորսմաժորային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ է հիմա փոխվել, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է քաղաքական պրոցեսներին՝ հաշվի առնելով, որ տարիներ առաջ նա հայտարարեց, որ տարիքը չի ներում, որ առաջադրվի:
Հարցին, թե արդյոք խորհրդարան անցնելու դեպքում Տեր-Պետրոսյանը կվերցնի մանդատը, Ա. Մուսինյանն արձագանքեց. «Եկեք այդ մասին խոսենք ընտրություններից հետո»:
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա նա նշեց, որ եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն նույնքան ու անցնեն նույն որակով, ինչպես սահմանադրական հանրաքվեն, իրենք կօգտագործեն քաղաքական պայքարի բոլոր գործիքները՝ հասարակության ձայնը բարձրացնելու ուղղությամբ:
«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխող «Հանրապետականը» շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած, քաղհասարակությունը կարողանում է բացահայտել այն ապօրինությունը, որ տեղի է ունենում»,-հավելեց Արման Մուսինյանը:
Ինչ վերաբերում է հայտնի ձայնագրություններին, ապա նա նկատեց, որ ՀՀԿ-ի արդարացումներն ուղղակի ծիծաղելի են: