25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է». ՕՐՕ դաշինքը ասուլիս է հրավիրել (տեսանյութ)

«Դաշինքի գործընթացը բնականոն հունով ընթանում է, քարոզարշավը մեր ծրագրերի համաձայն անցկացնում ենք, անցել ենք բավական բնակավայրերով: Այս ընտրարշավի ընթացքում տեղել ենք այն մտահոգությունները, որ ունի հայ ժողովուրդը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջամարտիկ  Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ իրենց քարոզարշավի ժամանակ էլ նշում են, որ իրենց քաղաքական նպատակներում վճռական են, չեն ափսոսում, որ թողել են աշխատասենյակները:

Ինչ վերաբերում է դաշինքի աջակից, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորմանն, ապա Ս. Օհանյանը նկատեց, թե զարմանալի է, թե ինչպես է մամուլը նախօրոք տեղեկացել, որ նրան պիտի ձերբակալեին: «Մենք սա որակում ենք որպես քաղաքական հետապնդումներ  և Սամվելի, և մեր նկատմամբ»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ հենց իշխանության արձագանքն էլ վկայում է այն մասին, որ իրենց դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է:

Դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն էլ ընդգծեց, որ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես մյուսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները:

Ապա Վ. Օսկանյանն անդրադարձավ հրապարակված ձայնագրություններին, որոնցով պարզ դարձավ, որ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ձայներ են հավաքում ու ցուցակագրումներ անում ՀՀԿ-ի համար: Նա նշեց, որ արդեն դիմել են ԿԸՀ, որպեսզի չեղյալ ճանաչվի «Հանրապետականի» գրանցումն այս ընտրություններին:

Նա հայտնեց նաև, որ Gallup-ի հարցումների արդյունքները կեղծ են, իրենք հարցումներ են արել և պարզել, որ «Հանրապետական» կուսակցությունը շատ ցածր վարկանիշ ունի, առաջին տեղում է բացահայտ առավելութամբ «Ծառուկյան» դաշինքը: «Մենք այդ բոլորի մեջ ունենք բավական ծանրակշիռ դեր. որը մեր ժողովրդին պետք է հույս տա, որ ապրիլի 2-ին կարող է խորքային համագործակցություն լինել առաջին տեղը բռնած ուժի հետ»,-շեշտեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Սամվել Բաբայանի կալանավորումը հարված էր ազգային անվտանգությանը: «Ինքը բանտարկվում է այն պատճառով, որ համակիր է մեր դաշինքին, այսօր շարքային քաղաքացին պետք է հասկանա, որ իր ձեռքում է երկրի ապագան»:

«Վարչապետի կառավարությունը պետք է հրաժարական տա, ի՞նչ է նշանակում, որ այն հաստատությունը, որտեղ մեր երեխաները պիտի կրթություն ստանան, զբաղված են ահաբեկելով»,-անդրադառնալով ՀՀԿ-ի համար քարոզչություն իրականացրած տնօրենների ձայնագրություններին` հայտարարեց Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ