Ոչ հավատում են, ոչ չեն հավատում. թեկնածուները՝ Սամվել Բաբայանից (տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքով առաջդրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը չի ցանկանում մեկնաբանել ՊԲ նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալությունը: «Նախնական կարծիք չունեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Ազատ դեմոկրատներից» առաջադրված Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց՝ շատ բան չի կարող ասել, որովհետև ոչ փաստաբանը, ոչ էլ ինքը Սամվել Բաբայանն որևէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել: «Ոչ կարող եմ հիմք ընդունել իր հերքումը, ոչ էլ կարող եմ չհավատալ տարածված տեղեկատվությանը, ուղղակի վերջին տարիներին ինձ զարմացնում է, որ քարոզարշավն ուղեկցվում են նման ձերբակալություններով: Եթե ուզում ենք, որ ընդունեն նման հաղորդարությունները որպես արժանահավատ, դրանք պիտի արվեն լուրջ մակարդակով, ոչ միայն ես, այլև հանրության մեջ շատ շատերը հակված չեն հավատալու դրան»,-նշեց Ս. Սաֆարյանը:
Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Սամվել Բաբայանի ու իշխանությունների միջև հեռակա երկխոսություն էր ընթանում, որն ամենևին էլ քաղաքական չէր:
«Ելքի» պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ քանի դեռ հստակ տեղեկատվություն չկա, չի ուզում քաղաքականցնել: «Քիչ բան է հայտնի, կարող է պարզվի, որ իրոք ճիշտ է եղել, կարող է պարզվել, որ քաղաքական պատվեր է»,-եզրափակեց նա: