Քո բազմաչարչար մարմինը եւս մեկ անգամ կչարչարենք․ «Հաց բերողի» գերեզմանին երդվում են /տեսանյութ/
Րոպեներ առաջ ավարտվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորման արարողությունը։ Արթուր Սարգսյանը հողին չհանձնվեց, որովհետև ինչպես նշեց իր ելույթում Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի անդամ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, Արթուրի պարագայում կիրառվել էր հուղարկավորության նոր ձեւ, որը Հայաստանում այդքան էլ ընդունված չէ, Արթուրի դագաղը դրվեց բոլոր կողմերով բետոնապատված դամբարանի մեջ, որը ծածկվեց։
Ինչպես նշեց Թամար Հովհաննիսյանը, դամբարանի բետոնե պատերի միջով անցնում են հատուկ խողովակներ, որոնք երկար ժամանակ թթվածնով կապահովեն միջավայրը, եւ Արթուրի դիակը բավական երկար ժամանակ թարմ կմնա։
Թամար Հովհաննիսյանը նշեց, որ դա արվում է մի նպատակով՝ պետք է շարունակեն պահանջել, որպեսզի Հաց բերողը վերահուղարկավորվի Եռաբլուրում՝ իր ընկերների կողքին։
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը իր խոսքում նշեց, որ աշխարհի բոլոր լեզուներով փորձելու է խոսել եւ պատմել Արթուրի արածի մասին։
ԱՍԱԼԱ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ, նկարագրելով Արթուրի անձնազոհությունը, խոսք ուղղեց նրան․
«Քո բազմաչարչար մարմինը մենք եւս մեկ անգամ կչարչարենք։ Ես երդվում եմ, որ մեր պայքարը հաջողության է հասնելու, եւ դու հուղարկավորվելու ես Եռաբլուրում»։
Նշենք, որ Արթուրի մայրը ամբողջ ժամանակ լուռ էր նա քարին նստած՝ դողում էր։