«Առաջին նախագահը նկատի ուներ, որ հստակ հակադիր տեսակետներ են դրանք»
«Ոչ, լավ գիտեք, որ նույն տեսլականը չունեն, ՀՀ առաջին նախագահը նկատի ուներ, որ հստակ հակադիր տեսակետներ են դրանք, և ազգաբնակչությունը, ընտրողը այդ հակադիր տեսակետներից մեկը կարող է ընտրել»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք ՀԱԿ-ն ու ՀՀԿ_ն ունենարդյոք նույն տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ` հաշվի առնելով, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն երեկ իր հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին ժողովուրդը պետք է իր ձայնը տա այն քաղաքական ուժին, որը հստակ մոտեցում ունի ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված, իսկ այդպիսիք են Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ու քիչ, թե շատ «Հանրապետականը»:
Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ բոլորս էլ ծանոթ ենք ՀԱԿ-ի մոտեցումներին այս խնդրի վերաբերյալ: «Նրանք գտնում են, որ կարելի է գտնել այդ հաշտությունը, և այդ հաշտությունը որոշակի փոխզիջումների մեջ է, և դրան պատրաստ է նաև Ադրբեջանը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տեսակետ իրավունք ունի գոյություն ունենալու, և ընտրողն է որոշում կայացնելու, թե արցախյան հակամարտության որ տեսլականին է կողմնակից:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի տեսակետին, դա այն է, որ չի կարող խնդիրը լուծվել առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման ու առանց Արցախի հստակ կարգավիճակի, որ չպիտի լինի Արդբեջանի կազմում: Մնացած բոլոր առուներով լուծումները պետք է աղերսվեն այս 2 հիմնադրույթների հետ, խնդիրը պետք է լինի փոխզիջումներով, բայց միաժամանակ փաթեթային»,-բացատրեց նա:
ՀՀԿ պատգամավորի անձնական կարծիքն է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չունեն այն քաղաքակրթությունը, ում հետ կարելի է նստել ու խոսել խնդրի լուծման ընթացքից: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը պարզապես խնդիր ունի վիճակը սրելու և հայկական սարսափով վախեցնել սեփական երկրի բնակիչներին և երկարաձգել իրենց տխրահռչակ իշխանությունը»,-եզրափակեց Շիրակ Թորոսյանը: