Միջադեպերը կարող են հրահրվել չուզողների կողմից. Շ. Թորոսյան (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանն ասում է, որ չնայած մի քանի միջադեպերի` քարոզարշավի ընդհանուր ընթացքը բնականոն ու նորմալ է: «Խոշոր հաշվով մենք ականատես ենք լինում քաղաքական ու բավականին քաղաքակիրթ պայքարի: Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ հստակ քաղաքական պայքար է ընթանում, քաղաքական ուժերը ներկայացրել են հստակ ծրագրեր, և ընտրական նոր համակարգը, որ ենթադրում է նաև ռեյտինգային ընտրակարգ, հնարավորույուն է տալիս, որ ընտրողներն,ի դեմս ռեյտինգային թեկնածուների, ավելի մոտիկից ծանոթանան կուսակցությունների ներկայացրած անձանց ու գաղափարները»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:
Նախորդ ընտրություններից այս ընտրությունների տարբերությունը, Շիրակ Թորոսյանի խոսքով, այն է, որ կարողանում են ոչ թե տուրք տալ ցուցադրականությանը` միտինգային, պաստառային:
Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպերին` կրակոցներ, դանակահարություն, ապա Շ. Թորոսյանն ընդգծեց, նման իրադարձությունները, երևի թե, անփուսափլի են: «Սա քարոզարշավ է, և եկեք, ընդունենք, որ բնակավայրերում միշտ կան մարդիկ, որ հակասություններ ունեն ուրիշների հետ և նախընտրական շրջանը սովորաբար այն պարարտ հողն է, երբ մարդկանց կենցաղային հակասությունները նոր ուժ են ստանում քաղաքական ենթատեքստում և կարող են նման կերպ դրսևորվել: Բայց չմոռանանք, որ ռեյտինգային ընտրակարգն այնպիսին է, որ տվյալ ներսում էլ կարող են հակասություններ լինել»:
Նա հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների մեջ է եղել դանակահարությունը, և պետք չէ ՀՀԿ-ի անունը շահարկել: «Միջադեպեր կարող են լինել, կարող են անգամ հրահրվել և թիրախ ընտրել ՀՀԿ-ին, կարող են հրահրվել ցանկացած մարդու, խմբի կողմից, չուզողի կողմից, և այդ արհեստական սևեռումներն անընդունելի են»,-հավելեց պատգամավորը:
Henaran.am-ի հարցին, թե հաշվի առնելով այս միջադեպերը` մնում է այն կարծիքին, թե ավելի որակյալ խորհրդարան ենք ունենալու, նա պատասխանեց. «Միջադեպերը շատ չեն, միջադեպերը որակական ազդեցություն չեն կարող ունենալ ընտրական գործընթացի վրա: Բավական քաղաքակիրթ ընտրական գործընթաց է ընթանում: Դատելով քարոզչության բավական բարձր բովանդակությունից ու որակից, ինչպես նաև ներկայացված ցուցակներից` ես կարող եմ ասել, որ նոր խորհրդարանը բովանդակային առումով և իր կազմով շատ ավելի լավը կլինի, քան նախորդները»: