Գյումրին` Հաց բերողին /տեսանյութ/
Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնը հայտարարել էր, որ լինելու է երթ ու աղոթք ի հիշատակ Հաց Բերող` Արթուր Սարգսյանի:
Երթին մասնակցում էին հիմնականում գյումրեցի ակտիվ երիտասարդները, ովքեր Արթուր Սարգսյանի լուսանկարներով պաստառներ էին պատրաստել, որոնցից յուրաքանչյուրը ուներ տարբեր վերտառություն` «Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է», « Պետք է հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում», «Սոված մնացինք» և այլն:
Գյումրիի Թատերական հրապարակից մինչև Յոթվերք եկեղեցի երիտասարդները քայլերթով գնացին վանկարկելով <Արթուր, Արթուր…. «Հաց բերողին սպանեցին», «Մենք ենք տերը մեր երկրի», միաժամանակ ներկայացնելով նրա անցած ուղին` այն, որ նա պայքարել է հանուն հայրենիքի ու իշխանությունները պարտավոր են նրան տեղ հատկացնել ու հուղարկավորել Եռաբլուր Պանթեոնում, քանի որ նրա գործը դաս է սերունդներին: Նշենք նաև, որ երիտասարդների ձեռքին կար հաց, որը տալիս էին անցորդներին:
Յոթվերք եկեղեցում երիտասարդները նախ մոմեր վառեցին, ապա քահանայի օրհնությամբ աղոթեցին Արթուր Սարգսյանի հոգու հանգստության համար:
Նորից քայլերթով Գյումրիիի փողոցներով գյումրեցի երիտասարդները շարունակեցին իրենց երթը, բոլորին հորդորելով միանալ իրենց ու պահանջել արդար քննություն Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու ու ներկայացնելու հանրությանը: