«Որ հավատանք այդ հարցումներին, մենք պետք է դռները փակենք, գնանք տուն» (տեսանյութ)
Նախընտրական ժամանակը ցույց կտա՝ «Ելք» դաշինքը որ ուժի հետ կարող է միավորվել թե նախընտրական, թե հետընտրական ժամանակներում: «Կարող ենք համաձայնության գալ ինչ-որ տեղամասեր պահելու համար: Մեր դաշինքը չի խոչընդոտի իշխանափոխության համար արգելանքին, մենք պատրաստ ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ իրենց ուժն է դիտարկում որպես ընդդիմություն: «Այսինքն՝ մենք նոր չենք եկել ինչ-որ բան ասելու, մենք ի սկզբանե ենք ասել և տարիներ առաջ ենք ասել: Իսկ այն ուժերը, որ նոր են մտել քաղաքական դաշտ կամ իշխանության մաս են կազմել, հասկանում են, որ երկրում ծայրահեղ իրավիճակ է, ու ողջունում եմ դա, ուժ է պետք, որ այս իշխանությունը հասկանա, որ իր քաղաքական զինանոցը դատարկ է, նրանք հավերժ չեն, պետք է զիջել»:
Հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը Կոտայքի մարզում՝ հաշվի առնելով, թե ինչ հայտնի ու ռեսուրսների տեր մարդիկ են առաջադրված իր հետ տարածքային ցուցակներով, Ս. Միքայելյանը պատասխանեց.
«Իմ անցած ճանապարհին միշտ դժվար է եղել մրցակցությունը, նաև ռազմի դաշտում, բայց ես միշտ հաղթահարել եմ, ինչ վերաբերում է, թե ինչ ակնկալիք ունեմ, ժողովրդի աջակցությունն եմ ակնկալում»: Նա ընդգծեց՝ ժողովուրդն ապրանք չէ, նա պետք է գիտակցի, որ իր մեկ ձայնը կարող է մեծ փոփոխություններ բերի: «Ինքնասիրության հարց կա նաև, կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը, հատկապես Կոտայքի մարզի, թույլ չտաք նման տեսակի մարդիկ ձեր ինքնասիրությանը կպչեն: Դուք ապրանք չեք, որ կարողանան ձեզ գնել»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է վերջին հարցումներին, որով վարչապետի վարկանիշն է բարձր գնահատվել ու «Ծառուկյան» դաշինքի, ապա Ս. Միքայելյանն ասաց. «Որ հավատանք այդ հարցումներին, մենք պետք է դռները փակենք, գնանք տուն: Ոչ մի սոցիոլոգիական հարցման չեմ հավատում, մեզ միշտ երրորդ տեղ են ասում ու ցածր տեղ են ասում, որ ժողովրդի մեջ վստահություն չլինի, որ մեկա քիչ է լինելու»: