«Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառվում են մանր ու մեծ վրեժխնդրության ձևերը» /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գործով վերջին իրադարձությունները:
Փաստաբանը նշեց՝ մինչ լրագրողների հետ հանդիպմանը գալը՝ տեսնվել է Շիրխանյանի հետ:
«Մինչև փետրվարի քսաներկուսը մեր կառավարությունը ժամանակ էր տվել Եվրադատարանը, որպեսզի պատասխան տրվի Շիրխանյանի առողջության վերաբերյալ: Ամսի քսաներկուսին էլ պատասխան է տրվել Եվրադատարանին, որ Ծիրխանյանը հիվանդանոց կտողափոխվի ու կստանա բուժում», – նշեց փաստաբանը:
Վերջինս շեշտեց՝ ութ օր անց Շիրխանյանին դուրս գրեցին հիվանդանոցից: Ըստ փաստաբանի՝ Վահան Շիրխանյանը հիվանդանոց էր տեղափոխվել միայն նրա համար, որ Եվրադատարանին ցույց տան, որ կառավարությունը գործ է անում:
«Պարոն Շիրխանյանին ու իր պաշտպանին իր բժշկական քարտը չէին տրամադրում, իսկ բժշկական քարտում գրված էր ամենակարևոր տեղեկատվությունը: Երբ դատարանին միջնորդեցինք, որ մեզ տան այդ քարտը, քրեակատարողական հիմնարկն անգամ դատարանին չտրամադրեց այդ քարտը: Արդյունքում հաջորդ քայլը եղավ այն, որ եվրադատարանը պահանջեց այդ քարտը: Բայց Եվրադատարանին էլ այստեղից տրամադրեցին ոչ ամբողջական տեղեկատվություն», – նշեց փաստաբանը:
Վերջինս ընդգծեց Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառվում են մանր ու մեծ վրեժխնդրության ձևերը:
Մանրամասները՝ տեսանյութում: