Բավական լուրջ հետեւություններ են արվել (տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բելգիա, Ֆրանսիա, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին այցերն, ինչպես նաև նախագահի տված վերջին հարցազրույցում շատ հստակ շեշտադրումնե են արված մեր արտաքին ուղղվածության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Ֆրանսիայի նախագահի հայտնի հայտարարությունը` հետաքննության մեխանիզմների ներդրման խնդրի առնչությամբ, որտեղ ասվում է, որ նման մեխանիզմներ է հարկավոր կիրառել, որտեղ հստակ երևում է, թե կողմերից ովքեր են խախտում հրադադարի ռեժիմը: Դա հստակ ակնարկ է Ադրբեջանի ռամզատենչ մոտեցմանը»,-նկատեց նա:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով` կարևոր է, որ ապրիլյան քառօրյայից ու Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելուց հետո շփման գծում բավական լուրջ փոփոխվել է գործողության ձևը. հայկական կողմն օգտագործում է կանխարգելիչ մեթոդը: «Արցախի հանրապետությունը հրաշալիորեն կիրառում է հակառակորդի ներթափանցման փորձերի նկատմամբ այդ մեխանիզմը: Սրանք գալիս են ապացուցելու ու ասելու, որ քառօրյա պատերազմից ու հուլիսյան դեպքերից հետո բավական լուրջ հետևություններ են արվել ու դա բավական մեծ ազդեցություն է ունեցել հայկական վերնախավի մտածողության ու գործողությունների մեջ»:
Ու սրա հիման վրա է, ըստ Գ. Իսագուլյանի, որ ՀՀԿ-ն ընտրել է «Անվտանգություն և առաջընթաց կարգախոսը» և հենց ՊՆ-ին հատկացրել կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը: «Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ը կարողացել է վերագնահատել արժեքները, հիմա առաջնային համարում է այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ պիտի լինեին առաջնային: ՀՀԿ-ի հետ կապված բավական լուրջ այս փոփոխություններն արձանագրվել են»:
Նա նշեց` աշխատել է Վիգեն Սարգսյանի հետ և գիտի` նախարարը պրոֆեսիոնալ ու գործին քաջատեղյակ անձնավորություն է:
«Վիգեն Սարգսյանի կերպարով հստակ մեսիջ է ուղարկվում, թե որն է լինելու պաշտպանության բնագավառում մեր քաղաքականությունը, նաև անվտանգության»,-ասաց Գ. Իսագուլյանը: