Անուղղակի կերպով այս պահին ընտրում ենք վարչապետ. Բաբկեն Պիպոյան/տեսանյութ/
« Հիմնական անհանգստությունը, որը կա մեր սպառողների` ընտրողների մոտ դա ռեյտինգային ընտրակարգն է»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Պիպոյանը խոսեց «ընտրակարգի իրազեկվածության բացակայությունը որպես ընտրողի իրավունքի ոտնահարում և խնդրից բխող հետևանքները» թեմայի շուրջ:
«Ռեյտինգայինը ընդամենը շանս է, որ կարող ենք ընտրել նաև անձ: Սա քաղաքական ուժերի ընտրություն է իրականում»,-մեկնաբանեց Բաբկեն Պիպոյանը հավելելով՝ «Քաղաքացիները արդյոք հասկանում են, որ անուղղակի կերպով այս պահին ընտրում ենք վարչապետ, անուղղակի կերպով ընտրում ենք դատախազ, գործադիր մարմին»:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ մեր ընտրողները չեն գիտակցում, որ անձի ընտրությունը արդեն իսկ քաղաքական ուժի ընտրություն է: Մարդիկ հաճախ տեղեկացված չեն, որ իրենց նախընտրած թեկնածուին ձայն տալով` ձայն են տալիս կոնկրետ նրա ներկայացրած քաղաքական ուժի ցուցակին:
«Ցավալին այն է, որ սրանք հետևանքներ են, որոնք բխում են այն Սահմանադրությունից, որին մենք ասել ենք՝ այո: Քաղաքացին չգիտի, որ ամենևին պարտադիր չէ ընտրել ռեյտինգային թեկնածուին , եթե ընտրում են ինչ որ քաղաքական ուժի»,-ընդգծեց սպառողների շահերի պաշտպանը:
Նա նկատեց, որ ամեն դեպքում իրազեկման միջոցները շատացել են և պահանջատիրության մակարդակը բարձրացել է. «Մենք պետք է այնպես անենք, որ սպառողի պահանջը վերածենք իրավունքի: Մեր երկրում ամեն օր մարդկանց խաբում են և այդ խաբեությունը որպես իրավական կատեգորիա չի գրանցվում»,-փաստում է Բաբկեն Պիպոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: