Ես կոչ եմ անում չվախենալ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է Ելք դաշինքի հանրահավաքը: Դաշինքի առաջին համար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նախևառաջ շնորհավորեց կանանց ու աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ: «Ցանկանում եմ բարեկեցիկ կյանք, որպեսզի ապրեք այնպիսի ՀՀ-ում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ մարդու իրավունքներին ամենօրյա ռեժիմով չեն խախտվում»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի և յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ պետություն ունենք: «Այդ պետության համար որևէ բան չպետք է խնայի, ամենօրյա ռեժիմով պայքարի հանուն պետության հզորացման, որը կարող է Հարավային Կովկասում ամենազարգացած, ամենաուժեղ տնտեսությունն ու բանակը ունենալ, իր քաղաքացիների իղձերն իրականացնող, որտեղից ոչ թե հեռանում են, այլ վերադառնում են, սրա համար մենք կանք»,- ասաց նա
Պատգամավորը կոչ արեց չընկրկել, չվախենալ: «Ձեր մեկ ձայնը որևէ ձևով չփոշիացնել և այն ուղղորդել «Ելք» դաշինք, որը կարող է մարտահրավեր նետել այսօրվա գործող համակարգին: Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այսօր միակ փոփոխություն բերող, գործող համակարգին մարտահրավեր նետող ուժը «Ելք» դաշինք է»: