Ականջները կքաշե՞ն (տեսանյութ)
Ազգային ժողովոի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում ու անելու են, որ այս ընտրությունները լինեն բացառապես օրենքի սահմաններում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած ԲՀԿ-ականի դանակահարությանը, նա ասաց, որ այս միջադեպով իրավապահ մարմիններն են զբաղվում: «Համապատասխան մարմինները գնահատական կտան»,-նշեց նա:
ԱԺ փոխնախագահը հավելեց. «Նրանք, ովքեր փորձում են քաղաքական պայքարը վերածել բռնությունների, պայքարի, խոստագույնս պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, բոլոր նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածելու, նրանք էլ են խստագույնս պատժվելու: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ընտրութունները լինեն օրենքի սահմաններում, մնացածը իրավապահ մարմինների խնդիրն է: Ցանկացած օրինախախտման դեպքով պիտի համապատասխան մարմինները զբաղվեն»:
Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ չկա մի դեպք հանցագործության վերաբերյալ, որի առիթով քրեական գործ չի հարուցվել:
Դիտարկմանը, թե նախընտրական պայքարը դեռ չսկսած բռնության դեպքեր են լինում, և գլխավոր դերում ՀՀԿ-ն է, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «98 թվականից այս կողմ գլխավոր դերում Հանրապետականն է, այսինքն՝ իշխանության է ՀՀԿ-ը, ու իշխանությունը պիտի լինի գլխավոր դերում»:
Հարցին, թե նախորդ ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանն անձնապես էր խնդրում քվեարկել պատգամավորների օգտին, այս անգամ ինչպես է լինելու, Է. Շարմազանովը պատասխանեց. «Յուրաքանչյուր թեկնածու ունի կուսակցական շտաբներ, ու շտաբներն են համակարգելու կուսակցության քարոզչությունը, լինելու է կուսակցության կենտրոնական շտաբ, որը համակարգվելու է գործադիր մարմնի կողմից, և մենք դա համակարգելու ենք, ինչ վերաբերում է նման միջադեպերին, ապա կհորդորեմ՝ եթե կա նման տեղեկատվություն, հայտնել իրավապահ մարմիներին, նաև կհորդորեմ արհեստականորեն չշիկացնել մթնոլորտը»:
Նա համաձայնեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ, թե ընտրությունները հաշտ ու համերաշխ կյանք չէ, առանց միջադեպերի չի լինի, բայց կրկնեց՝ ամեն ինչ անելու են, որ նման միջադեպեր հրահրողները պատժվեն: «Բոլոր անօրինական երևույթները Հանրապետականը դատապարտում է, և բոլոր միջադեպերի վրա Հանրապետականը աչք չի փակելու»:
Հարցին, թե միգուցե պետք է, որ իշխանությունը ոմանց «ականջները քաշի», քանի որ հորդորները տեղ չեն հասնում, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Աստված մի արասցե, որ մենք ապրենք մի երկրում, որտեղ գործի ոչ թե օրենքը, այլ ականջ քաշելը»:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի թիմակիցն է եղել դանակահարողը, Շարմազանովը հիշեցրեց՝ Մուրադ Մուրադյանը հերքել է, որ իր հետ կապ ունի այս միջադեպը:
«Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չի, որ ինչ ասի, մենք ընդունենք, նա հարգարժան գործընկեր է, բայց իմ ասածը իրենց համար հի՞մք է, շատ հարգանք ունենալով նրա նկատմմաբ, նրա ասածներն ինձ համար վերջին ճշմարտություն չեն, ցանկացած միջադեպ պետք է քննվի»: