Դիմել բժշկի, այլ ոչ դեղատուն
Պարբերաբար կրկնվող արցունքահոսությունը, քորը, քթահոսությունը և փռշտոցը կարող են խոսել մարդու մոտ ալերգիայի գոյության մասին:
Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ալերգոլոգ-իմունոլոգ Արմինե Հակոբյանը` խորհուրդ տալով նման դեպքում դիմել բժշկի:
Աշխարհում սեզոնային ալերգիկ ռինիտ հանդիպում է 15-30% բնակչության մոտ, իսկ Հայաստանում այդ թիվը 10-15% է:
“Մարդկանց մոտ տպավորություն կա, որ բոլոր տեսակի բույսերի ծաղկափոշուց ալերգիաներ կան, սակայն իրականում դրանք երեքն են` ծառերի, խոտերի ծաղկափոշին, ինչպես նաև որոշ մոլախոտեր”,-ասաց ալերգոլոգը:
Միջատային ալերգիկ ռեակցիաների մասին մասնագետը նշեց, որ ալերգիա առաջանում է հիմնականում կրետների և մեղուների խայթոցից:
“Հիվանդները հիմնականում գիտեն այդ մասին և ունենում են համապաստախան դեղամիջոց իրենց հետ: Նման դեպքերում անհրաժեշտ է խուսափել բաց տարածքներից և վառ հագուստներից: Մոծակները տեղային ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջացնել, սակայն կյանքի համար այն վտանգավոր չէ”:
Ալերգիայի դեպքում Ա. Հակոբյանը խորհուրդ տվեց դիմել բժշկի, այլ ոչ թե դեղատուն, քանի որ յուրաքանչյուր ալերգիա ունի իր առանձնահատկությունները: