02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր մանրամասներ պատգամավորի որդու վրա ավազակային հարձակման մասին

“Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել”,- ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ասել է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում 4 դիմակավորված եւ առայժմ անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա: Ինչպես արդեն հայտնի է, հարձակվողները փախուստի են դիմել միայն այն բանից հետո, երբ պատգամավորի հարեւաններից մեկը լսելով աղմուկի ձայնը, միացրել է լույսը:

Ի պատասխան այն հարցին, թե որդին հարձակվողների մոտ էլեկտրաշոկից բացի, դանակ, ատրճանակ կամ որեւէ այլ առարկա նկատե՞լ է արդյոք, Ա. Ախոյանն ասել է. “Չէ, չի նկատել, բավական մութ է եղել: Նրանք դիմակներով, ձեռնոցներով պատրաստված են եղել”:

“Իսկ ավազակային հարձակում կատարողները Հայկ Ախոյանին ինչ-որ բան ասե՞լ են, որեւէ պահանջ, սպառնալիք ներկայացրե՞լ են…”: “Ոչ, միայն ասել են` սուս” ,- պատասխանել է պատգամավորը:

Ավելի վաղ Արագած Ախոյանը հայտնել էր, որ կատարվածը գողության նպատակով ավազակային հարձակում էր, եւ դրանում չպետք է քաղաքական որեւէ ենթատեքստ փնտրել կամ կապել իր գործունեության հետ:

Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ պատգամավորի որդու` Հայաստանի Ճարտարապետագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք նրա դրամապանակը չեն տարել, այն գտնվել է դեպքի վայրում: Փոխարենը տարել են իրենից գրեթե նյութական արժեք չներկայացնող բանալիները, կարծում ենք, շատ լավ հասկանալով, որ դրանք անպետք են լինելու, քանի որ Ախոյանները հարձակումից կարճ ժամանակ անց կփոխեն տան դռան փականները:

Տարել են նաեւ պատգամավորի որդու բջջային հեռախոսը, բայց դժվար է պատկերացնել, թե դիմակավորված, ձեռնոցներով հարձակում կատարած եւ ժամանակակից տեխնիկայով` էլեկտրաշոկով զինված չորս անձանցից որեւէ մեկին հայտնի չէր, որ բջջային հեռախոսը նույնպես իրենց պետք չի գալու, քանի որ դրանով հենց առաջին զանգը կամ զանգին պատասխանելն իրավապահներին կարող է օգնել, որ բացահայտեն իրենց կամ գոնե պարզեն իրենց գտնվելու վայրը: Ախր դա այսօր հայտնի է նույնիսկ դպրոցում սովորող պատանիներից շատերին:

Վերը շարադրվածից ելնելով չե՞նք կարող արդյոք եզրակացնել, որ ավազակային հարձակում կատարողների բուն նպատակը Հ. Ախոյանի մոտից նյութական արժեքների հափշտակությունը չի եղել, եւ տան բանալիներն ու բջջային հեռախոսը վերցրել են սոսկ նյութական արժեքների հափշտակման նպատակով ավազակային հարձակման երեւութականություն ստեղծելու միտումով:

Իհարկե, կարելի է մտածել, թե ավազակային հարձակում կատարողների հիմնական նպատակը պատգամավորի որդու դրամապանակը տանելն է եղել, բայց մթի մեջ ու խառն իրավիճակում (Հ. Ախոյանը դիմադրել է) դա չի հաջողվել, այն ընկել է գետնին ու կարճ ժամանակ անց հայտնաբերվել դեպքի վայրում:

Բայց այս դեպքում մեկ այլ հարց է առաջանում` հարսանիքից ուշ գիշերով վերադարձող այդ ո՞ւմ, առավել եւս` ուսանողի դրամապանակում է մեծ գումար լինում, որ չորս հոգի նախապես խումբ կազմելով, նպատակադրվեն ավազակային հարձակմամբ հափշտակել այն: Դիմակավորված, ձեռնոցներ հագած, էլեկտրաշոկով զինված, այսինքն` հանցագործությունը նախապես պլանավորած անձինք դժվար թե Հայկ Ախոյանին հետեւած չլինեին ու չիմանային, որ նա, ասենք, ոչ թե խաղատնից մեծ գումար շահած, այլ հարսանիքից է վերադառնում տուն:

Պատգամավորը հայտնել է, որ որդու մոտ, իրոք, ո՛չ մեծ գումար է եղել, ո՛չ ոսկյա զարդեղեն, ո՛չ էլ որեւէ բրենդային ֆիրմայի թանկարժեք ժամացույց: Նրա կարծիքով նույնպես` տրամաբանական չէր ակնկալելը, որ հարսանիքից վերադարձող մարդու մոտ կարող է մեծ գումար լինել:

“Ուղղակի ինչ-որ մեկը, ինձ թվում է, սխալ ինֆորմացիա է տվել հարձակվողներին”,- կատարվածին իր բացատրությունն է տվել Ա. Ախոյանը, որն ավելի վաղ հայտնել էր նաեւ, որ հարսանիքի ժամանակ որեւէ միջադեպ չի եղել, որդին թշնամիներ չունի:

Այն հարցին, թե կատարվածն, այնուամենայնիվ, չի՞ կապում իր գործունեության հետ, հարձակումը չի՞ համարում վախեցնելու նպատակով ուղարկված “մեսիջ”, ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամն ասել է.

“Երբեք, որովհետեւ սա զուտ կենցաղային է, “մեսիջներն” այլ կերպ են լինում, սա “մեսիջ” չէ, սա թալանի նպատակով ավազակային հարձակում է ընդամենը:

Ա. Ախոյանի հավաստմամբ՝ որդու առողջական վիճակը նորմալ է, բուժհաստատություն դիմելու անհրաժեշտություն չի եղել, նա վաղը ներկայանալու է դատաբժշկական փորձաքննության:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, Արագած Ախոյանի որդու նկատմամբ ավազակային հարձակում գործելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (“Ավազակություն”) հատկանիշներով:

Ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Հիշյալ վարչությունից դժվարացել են պատասխանել այն հարցին, թե դեպքի վայրում կամ դրա մոտերքում արդյոք կա՞ որեւէ տեսախցիկ:

Աղբյուրը` “Pastinfo”

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ