Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ. ռազմական փորձագետ /վիդեո/
‹‹Ադրբեջանի կորուստները արդեն երեք տարի է, ինչ գրանցում ենք: Սրումների ժամանակ դա մարդկանց ավելի է հետաքրքրում: 2014-ի օգոստոսյան սրումներից հետո Ադրբեջանը սկսեց թաքցնել կորուստների թվերը: Գրաքննություն սկսվեց: Ապրիլյան իրադարձությունների ժամանակ էլ Ադրբեջանն ավելի մեծ կորուստներ ունեցավ:
Ադրբեջանցիների կորուստներն ավելի մեծ են, բայց իրենք չեն հայտարարում այդ մասին: Ադրբեջանը պաշտոնապես 31 զոհի մասին է հայտարարել, բայց 80-ից ավելի թաղման տեսագրություն կա››,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Վերջինս ընդգծեց՝ կան փաստեր, որ պարադոքսալ են ու արդյունքում ակնհայտ է դառնում՝ Ադրբեջանը փաստացի թաքցնում է զոհերի իրական քանակը ու նույնիսկ պարգևատրվածների անունները:
‹‹Մենք ենթադրում ենք, որ Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ: Սա ասում եմ հաշվարկներից ելնելով: Պատերազմի օրերին լինում են նաև ոչ մարտական կորուստներ: Այդ լարված օրերին զինվորականները նորմալ չեն քնում, սթրեսային վիճակ է, իրավիճակն ընդհանուր առմամբ՝ լարված է: Մեր երկրում, հիշենք՝ այդ օրերին եղան դժբախտ պատահարներ, վթարներ… Իսկ ահա Ադրբեջանում իբր ոչ մի այդպիսի բան չի եղել: Դա, մեղմ ասած, հնարավոր չէ››, – ասաց բանախոսը:
Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե հայկական կողմը 7 մլն քմ տարածք ենք կորցրել, այս օրերին համացանցում բում է առաջացրել: Որքանո՞վ է այս ինֆորմացիան մոտ իրականությանը, արդյո՞ք այս և նմանատիպ լուրերը ջուր չեն լցնում Ադրբեջանի ջրաղացին:
Անդրադառնալով Henaran.am-ի վերոնշյալ հարցին՝ Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ասաց.
‹‹Քանի դեռ քարտեզի վրա չեմ տեսել, չեմ կարող ոչ մի բան ասել, թե չէ քանի միլիոնի մասին ասես, կարող են խոսել››: